ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Ստեփանակերտի Վ․Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը Երևան՝ Պատանի հանդիսատեսի թատրոն է բերել ամերիկացի դրամատուրգ Ռիչարդ Կալինոսկու «Հրեշը լուսնի վրա» պիեսի դեմադրությունը։
Վահան Խաչատրյանը վստահ է` մենք չպետք է քարանանք մեր վշտի մեջ, չպետք է փակվենք արցունքների և ինքներս մեր հանդեպ խղճահարության կեղևում` լինի դա ապրիլի 24-ը, թե մեկ տարի առաջ մեր դեմ սանձազերծված պատերազմը։ Եթե ուզում ենք ապագա ունենալ, մենք պետք է ուժ գտնենք և քայլ կատարենք դեպի վաղվա օրը՝ ապրիլի 25-ի խորհրդանշական օրը։
«Այդ օրն անպայման կգա, այդ լուսաբացն անպայման կլինի՝ ազդարարելով կենսատու գարնան կուրացուցիչ պայծառ օրը։ Եվ արևածագն այդ ամենևին էլ նախորդ օրվա՝ ապրիլի 24-ի մոռացում չի նշանակում. մենք այն հիշելու ենք, շարունակելու ենք խոսել ու պահանջել, միայն թե դուրս կգանք մեկ օրով սահմանափակված աշխարհից, անգամ եթե այդ օրվա մեջ, ինչպես մեզ թվում է, մեր ամբողջ տիեզերքն է անհետացել»,–ասում է նա։
Ռիչարդ Կալինոսկին «Հրեշը լուսնի վրա» պիեսը պարզ է գրել, ամերիկյան դրամատուրգիայի բոլոր կանոններով՝ առանց բարդացնելու, հասկանալի և պարտադիր հեփփի-էնդով։ Իսկ այն, ինչը դող է առաջացնում ցանկացած հայ մարդու մարմնում և անտարբեր չի թողնում մյուսներին, հենց բուն թեմայի հրեշավորությունն է և, իհարկե, դրամատուրգի հայուհի կնոջ ազդեցությունը։
Ռիչարդ Կալինոսկու «Հրեշը լուսնի վրա» պիեսի դեմադրությունը
© Sputnik / Aram Nersesyan
Ստեփանակերտի թատրոնի բեմադրությունն իմաստուն և հոգատար կերպով միավորել է սյուժեի պարզությունն ու հերոսների հոգեբանական ցնցումները, ուրեմն՝ նաև հանդիսատեսին, որը ժամանակ առ ժամանակ թաշկինակն աչքերին է տանում։ Բեմում չորս հոգի են. մեկը հեղինակի կերպարն է, որը դիմում է դահլիճին (դերը խաղում է Քաջիկ Հարությունյանը), Վինսենտ անունով տղան, որն արդեն ծերացած՝ հետհայացք է գցում անցած կյանքին։
Եվ այսպես, 1920-ականների վերջն է Ամերիկայում, Միլուոկիում ինչ-որ տեղ, գումարած՝ Հայոց ցեղասպանության սոսկալի նախապատմությունը։ Արամ Թոմասյանի (դերակատար՝ Ռուդոլֆ Հայիրյան) և Սեդայի ընտանիքի բոլոր անդամներին թուրքերը սպանել են իրենց աչքի առաջ։ Նրանց սրտում չսպիացող վերք է մնացել։
Արամը Սեդային բառացիորեն փոստով է գտել՝ նրա լուսանկարը տեսնելուց հետո, Թուրքիայում գտնվող ինչ-որ որբանոցից հասցրել է Ամերիկա և ամուսնացել նրա հետ։ Արամը հին ընտանեկան լուսանկար ունի, որտեղ դեմքերի փոխարեն կլորակներ են։ Հոր և մոր դեմքերի փոխարեն իր ու կնոջ լուսանկարներն է դրել, և հիմա ձգտում է սարսափազդու դատարկ կլորակներն իր երեխաների նկարներով լցնել։
Ներկայացման դեկորները վերարտադրում են այն տարիների գավառական լուսանկարչատունը՝ եգիպտական փարավոնների ժամանակների ֆոտոխցիկով, հենց այն խցիկով, որը ռետինե տանձիկ ունի՝ պետք է սեղմես, որ լուսանկարի (եթե, իհարկե, որևէ մեկը հիշում է դա)։
Իր վերապրած տառապանքներից, սովից ու հիվանդություններից հետո Սեդան անպտուղ է: Դա ողբերգություն է նրա համար, իսկ Արամի համար՝ է՛լ ավելի մեծ ողբերգություն։ Եվ այստեղ հայտնվում է փոքրիկ իտալացի որբ տղան՝ մանկատնից, որին Սեդան տուն է բերում, լողացնում և կերակրում։
Անհնարինության աստիճան հմայիչ տղան՝ Արման Հարությունյանը, գավրոշ-Վինսենտի դերում հայտնվում է բեմում, և հանդիսատեսը հիացած է․ Արմանը՝ իր թիզուկես բոյով, խաղում է` ինչպես քառորդ դարի փորձ ունեցող փորձառու պրոֆեսիոնալ։ Վինսենտ-Արմանը մի տեսակ Հեքլբերրի Ֆինն է՝ փոքրիկ դուրսպրծուկ է, իհարկե, բայց մաքուր հոգի ունի և անսահման հմայք։
Այնպես որ, որքան էլ Արամը կենտրոնացած է սեփական զավակների բացակայության վրա, նրա հանդեպ հայրական սիրով է լցվում, և Վինսենտը Թոմասյանների ժառանգն է դառնում։ Զարմանալի չէ՝ և՛ Արամը, և՛ Սեդան, և՛ միլիոնավոր հայ տղաներ ու աղջիկներ իրենք էլ որբ են մնացել, և այդ որբության իմաստնությունն է արտահայտվում՝ ուրիշի երեխաներ չկան։
Սեդան հաղթահարել է սեփական բարդույթները, դուրս է եկել անելանելիության, անմարդկային վշտի մեջ թաքնվելու ծուղակից և հիմա փորձում է այնպես անել, որ Արամի համար էլ ծագի ապրիլի 25-ի արևը։ Վինսենտի հետ միասին դա նրան հաջողվում է. Արամը սև վերնաշապիկը ձյունաճերմակով է փոխարինում, և նրանք լուսանկարվում են երեքով՝ ամուր հայ-իտալական ընտանիք։
Ստեփանակերտի թատրոնի երևանյան առաջնախաղը, իհարկե, ստացված էր, և երկարատև ծափահարություններն ուղղված էին թե՛ ռեժիսորին, թե՛ դերասաններին։ Իսկ ամենաբարձր ու ամենաանկեղծ ծափահարությունները` հրաշալի, պայծառ Արման-Վինսենտին։