ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս–Կապան ավտոճանապարհին ադրբեջանական որևէ մեքենա դեռևս չի հատել ՀՀ սահմանը։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը` անդրադառնալով այդ հատվածում հայկական կողմի տեղադրած անցակետերին։
«Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայողներն արդեն ծառայություն են իրականացնում Գորիս–Կապան ավտոճանապարհին։ Բուն գործառույթներին հարցը չի հասել, դա այն դեպքերում կլինի, երբ ինչ-որ մեքենա հատի Հայաստանի սահմանը ու մաքսային ծառայություն իրականացնելու անհրաժեշտություն առաջանա»,- նշեց Բադասյանը և հավելեց, որ մաքսային ծառայողների համար հավուր պատշաճի պայմաններ ստեղծելու աշխատանքներ են տարվում։
Հարցին, արդյոք հարմար պայմաններ ասելով նկատի ունի ծառայողների` շենքերում տեղակայումը, նա ընդգծեց, որ շենքերին փոխարինող ավելի հարմարեցված միջոցներ կան, որոնք հիմա գնման պրոցեսում են։
«Մեր պետական որոշ ծառայողներ արդեն իրականացնում են ծառայություն ու մաքսային ծառայողները ժամանակավորապես տեղակայված են նույն վայրերում, որտեղ այլ պետական աշխատողներն են, մինչև հավելյալ հարմարությունների ստեղծումը», - ասաց Բադասյանը։
Նա նպատակահարմար չհամարեց մանրամասնել, թե որտեղ են տեղակայված մաքսային ծառայողներն ու ինչ կարգավիճակով։
Հիշեցնենք` Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին նոյեմբերի 11-ից և նոյեմբերի 15-ից ադրբեջանական մաքսակետեր են տեղադրվել։
Նույնատիպ մաքսակետեր է տեղադրել նաև հայկական կողմը։