ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է ՀԱՊԿ Խորհրդարանակն վեհաժողովի կազմավորման 15-ամյակի առթիվ կազմակերպված առցանց քննարկմանը, հայտնում են Ազգային ժողովից։
Ողջույնի խոսքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ վերջին տարիների մարտահրավերներն ու սպառնալիքները վկայում են ջանքերի համախմբման անհրաժեշտության մասին՝ անվտանգության ապահովման և գլոբալ մարտահրավերներին հաջող արձագանքելու համար:
ԱԺ նախագահի տեղակալի խոսքով՝ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել միջազգային անվտանգության ոլորտում ծագող մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու, ինչպես նաև արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտում խորհրդարանական շարունակական փոխգործակցության ապահովման համար:
«Համաշխարհային և տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում Հայաստանը բաց է համագործակցության համար՝ իրավահավասարության, փոխադարձ հարգանքի և շահերը հաշվի առնելու սկզբունքներով»,-ընդգծել է Հակոբ Արշակյանը:
ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձել է կազմակերպությունում մեր երկրի նախագահության առաջնահերթություններին՝ ուղղված կառույցի ներուժի մեծացմանը՝ հանուն հավաքական անվտանգության ապահովման և համաչափ զարգացման: Այս համատեքստում նա կարևորել է ճգնաժամային իրավիճակների մոնիտորինգի, կանխատեսման և նախազգուշացման մեխանիզմները:
Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների կողմից: