Արցախի ԱԱԾ–ն Ռոման Բաղդասարյանին առաջարկում է ներկայանալ

Իշխանամետ բլոգերն իր հերթական ուղիղ եթերի ժամանակ ասել էր, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի պաշտպանության բանակի սպաներն ու գեներալները հրամաններ են տվել, որոնց կատարման ընթացքում հարյուրավոր ու հազարավոր զինվորներ են սպանվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Արցախի ազգային անվտանգության ծառայությունն արձագանքել է սոցիալական ցանցերում տարածված՝ Ռոման Բաղդասարյանի մասնակցությամբ տեսանյութին, որում վերջինս հայտարարել էր Արցախի պաշտպանության բանակի, սպաների ու գեներալների կողմից պատերազմի ընթացքում սպանություններ կատարելու ու սպանություններ կատարելու հրամաններ տալու մասին:
«Հաշվի առնելով, որ հիշյալ հայտարարության կապակցությամբ իրականացվում են ստուգումներ, ուստի Ռոման Բաղդասարյանին առաջարկում ենք հնարավորինս սեղմ ժամկետում ներկայանալ ԱՀ ազգային անվտանգության ծառայություն և պարզաբանումներ ներկայացնել իր կողմից հայտարարված ենթադրյալ հանցավոր դեպքերի վերաբերյալ»,– ասված է ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ։
Իրանական անձնագրերով ադրբեջանցիների` Արցախում աշխատելու լուրն իրական չէ. Արցախի ԱԱԾ
Միաժամանակ հայտնվում է, որ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված հիմքեր ծագելու դեպքում ԱԱԾ–ն դիմելու է նաև դատավարական հարկադրանքի միջոցի:
Հիշեցնենք` Արցախի Հանրապետության դատախազությունը Ազգային անվտանգության ծառայություն էր ուղարկել իշխանամետ բլոգեր Ռոման Բաղդասարյանի տեսանյութը, որում նա մի քանի սկանդալային հայտարարություն էր արել արցախցի գեներալների հասցեին:
Տեսանյութը սոցիալական ցանցերում տարածվում է 2021 թվականի նոյեմբերի 30-ից։
Նա իր հերթական ուղիղ եթերի ժամանակ ասել էր, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի պաշտպանության բանակի սպաներն ու գեներալները սպանություններ են կատարել, հրամաններ տվել, որոնց կատարման ընթացքում հարյուրավոր ու հազարավոր զինվորներ են սպանվել։ Ըստ նրա` իբր միայն Մատաղիսի ուղղությամբ 200 զինծառայող է սպանվել։
Շուշիի մոտ ադրբեջանցիները սադրել են արցախցուն. Արցախի ԱԱԾ–ն մեկնաբանել է այսօրվա միջադեպը
Արցախի դատախազությունը տեսանյութը փոխանցել էր ԱԱԾ՝ հետագա քննարկման համար։
Նշենք, որ Ռոման Բաղդասարյանը «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցության ակտիվիստ է և իշխանության մոլի կողմնակիցը։ 2021 թվականի ընտրությունների ժամանակ նկատվել է Նիկոլ Փաշինյանի շտաբում։ Նա հաճախ է բարձրագոչ հայտարարություններով հանդես գալիս, որոնց համար նրան հայկական Telegram-ալիքներում Հայաստանի և Արցախի հայերի միջև ատելության կոչեր անող են անվանել։