Ադրբեջանը դարձյալ խլացնում է Արցախի բջջային ու համացանցային կապը. ՄԻՊ

Գեղամ Ստեփանյան. Արխիվային լուսանկար
Գեղամ Ստեփանյանի տեղեկություններով` կապն ընդհանրապես բացակայում է Արցախի այն համայնքներում, որոնք Ադրբեջանի օկուպացիայի հետևանքով հայտնվել են հայ–ադրբեջանական շփման գծի հարևանությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. 2021 թվականի նոյեմբերի 9-ից սկսած` Արցախի Հանրապետության օկուպացված Շուշի քաղաք Ադրբեջանի նախագահի այցից հետո, արդեն շուրջ մեկ ամիս բջջային հեռախոսակապն ու համացանցն Արցախում գործում են լուրջ խափանումներով։
Հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը` հավելելով, որ խնդիրն առավել սուր է Արցախի այն համայնքներում, որոնք 2020 թվականի ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ու Արցախի տարածքի օկուպացիայի հետևանքով հայտնվել են հայ–ադրբեջանական շփման գծի հարևանությամբ։ Որոշ համայնքներում կապն ընդհանրապես բացակայում է։
«Կասկած չկա, որ բջջային կապի և համացանցի հասանելիությունն Արցախի տարածքում միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից օգտագործվող հաճախականությունների և տեխնիկական միջոցների վրա ներազդելու եղանակով»,– գրում է Ստեփանյանը։
Հայերի հետապնդումները համակարգված են․ Արցախի ՄԻՊ–ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը
Ըստ նրա` Ադրբեջանն օգտագործում է ցանկացած մեթոդ Արցախի բնակչության իրավունքները ոտնահարելու և անհարմարություններ պատճառելու նպատակով: Պաշտպանը իր հայտարարությամբ պատկան մարմինների և ռուսական խաղաղապահ զորակազմի ուշադրությունն է հրավիրում խնդրի վրա` հավելելով, որ դա կարևոր է ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, այլ հստակ կրում է հումանիտար բնույթ։
Անմիջական վտանգն այսօր Հայաստանի թուրքացումն ու Արցախի հայաթափումն է. Ռուստամյան
Գեղամ Ստեփանյանը նշում է, որ նույն խնդիրն առաջացել էր նաև ս.թ. օգոստոսին, երբ հեռահաղորդակցության օպերատոր ընկերությունների հետ քննարկման արդյունքում պարզվել էր, որ Ադրբեջանը խլացնում է Արցախի ամբողջ տարածքում բջջային կապն ու համացանցը։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն այդ ժամանակ դիմել էր Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարությանը, ինչից հետո նրանց միջամտությամբ խնդիրը կարգավորվել էր։