Որքան գումար կհատկացվի Մարտի 1-ին զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի համար

Sputnik
Երևան քաղաքի ավագանին որոշումն ընդունեց 42 կողմ, 1 ձեռնպահ ձայներով։
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Երևանի ավագանին որոշեց գումար հատկացնել 2008 թվականի մարտի 1-ին մայրաքաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների կատարման համար։
Այդ ամենն իրականացվելու է «Հուշարձանների վերանորոգում և պահպանում» ծրագրի շրջանակներում։
Մարտի 1-ի դեպքերը, որոնց հետևանքով ունեցանք անմեղ զոհեր, ցավ են բոլորիս համար. ՀՀ նախագահ
Նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը։
«Նախատեսվում է Երևան համայնքի 2021 թվականի բյուջեի եկամտային մասում՝ սուբվենցիաները ավելացնել 96,4 մլն դրամով, որը կուղղվի մարտի 1-ին զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրմանը։ Հուշարձանի տեղադրումն իրականացվելու է Երևանի քաղաքապետի կարգադրությամբ ստեղծված մրցութային հանձնաժողովի կողմից հաղթող ճանաչված մասնակցի կողմից»,– նշեց Ներսիսյանը։
Որոշումն ընդունվեց 42 կողմ, 1 ձեռնպահ ձայներով։
Հիշեցնենք` 2008 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարել էր, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին վերահաշվարկել քվեները։
Ինչպես է ստեղծվել Մարտի 1-ի զոհերին նվիրված հուշակոթողը. պատմում է գյումրեցի քանդակագործը
Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ էին իրականացրել «տեղանքը ստուգելու» համար և հազարավոր ցուցարարների հեռացրել էին հրապարակից։
Մարտի 1-ի երեկոյան ԶՈւ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ էին իրականացրել։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ էին ստացել, մահացել էին 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։