ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանը՝ «Վովայի Արշակը», կալանավորվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Դատական նիստը կայացել է այսօր. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Շիրոյանի նախագահությամբ, բավարարել է հակակոռուպցիոն կոմիտե քննիչի միջնորդությունը։
Հիշեցնենք, որ այսօր հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր` Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքը թաքցնելու և փողերի լվացման համար։ Նա ձերբակալվել էր։
Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված (երկու դրվագ) հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքը դիտավորությամբ թաքցնելու և ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացման համար: