ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կգործուղվի Ռուսաստան։ Նման որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկանում ենք www.e-gov.am-ից։
Նշվում է, որ Քերոբյանը Ռուսաստանում կլինի դեկտեմբերի 2-3-ը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի Եվրասիական 2-րդ համագումարին։
Փաշինյանի որոշման մեջ նշված է նաև, որ Քերոբյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն պետք է ներկայացնի վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն:
Հիշեցնենք, որ այս ամռանը Քերոբյանը կրկին ՌԴ–ում էր. նա մասնակցում էր «Իննոպրոմ-2021» միջազգային արդյունաբերական 11-րդ ցուցահանդեսին և ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին։