Սյունիքի Շիկահող ու Ճակատեն գյուղերում մարդիկ բազմաթիվ խնդիրների առաջ են կանգնել. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի համար ակնհայտ է, որ իրականում, ճանապարհների ապաշրջափակման քողի ներքո ադրբեջանական իշխանությունները վարում են ՀՀ քաղաքացիական բնակավայրերի մեկուսացման նպատակային քաղաքականություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik․ Սյունիքի մարզի Կապան համայնքի Շիկահող գյուղում Ճակատեն-Կապան ճանապարհին ադրբեջանական իրավական հիմքերից զուրկ, այսպես կոչված, սահմանային ու մաքսային վերահսկողության պատճառով մարդիկ կանգնել են անհատական բազմաթիվ խնդիրների առաջ՝ կրթականից մինչև գյուղատնտեսական: Այս մասին հայտնում է ՀՀ մարդու իրավունքնեպրի պաշտպան Արման Թաթոյանը, որը նոյեմբերի 29-ին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի ուղեկցությամբ այցելել է Շիկահող ու Ճակատեն գյուղեր։
«Երկու գյուղերում էլ առաջացել են գյուղատնտեսական ապրանքների իրացման խնդիրներ: Բանն այն է, որ, օրինակ, ընկույզի համար տարբեր գնորդներ էին գալիս Շիկահող, իսկ Կապանի ճանապարհը փակվելուց հետո նրանք չեն կարողանում գալ դժվարանցանելի, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհով»,– հայտնում է Թաթոյանը:
Արման Թաթոյանը Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի ուղեկցությամբ այցելել է Շիկահող ու Ճակատեն գյուղեր։
Նրա խոսքով` խաթարվել է նաև դպրոցների աշխատանքը: Շիկահողի երեխաներից 2-ը ճանապարհի պատճառով չեն կարողանում ամեն օր հասնել Կապան, մեկը` կրկնուսույցի հետ պարապելու, մյուսը` քոլեջ հաճախելու նպատակով: Ուսուցումն առցանց կազմակերպել դեռևս չի ստացվում, իսկ այլընտրանքային ճանապարհով հնարավոր չէ կազմակերպել երեխայի տեղաշարժը:
«Շիկահողի մեկ այլ բնակիչ տեղեկացրեց, որ հայրը հեմոդիալեզ է անցնում Կապանում, ինչի պատճառով տեղափոխման դժվարություններ է ունենում նոր ճանապարհի դժվարանցանելիության պատճառով, որը վատ է անդրադառնում նաև հոր առողջական վիճակի վրա: Որդին ստիպված է եղել Կապանում բնակարան վարձակալել, որպեսզի հայրը կարողանա ժամանակին ստանա բուժօգնությունը»,– հայտնում է պաշտպանը:
Արման Թաթոյանը Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի ուղեկցությամբ այցելել է Շիկահող ու Ճակատեն գյուղեր։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի համար ակնհայտ է, որ իրականում, ճանապարհների ապաշրջափակման քողի ներքո ադրբեջանական իշխանությունները վարում են ՀՀ քաղաքացիական բնակավայրերի մեկուսացման ու հումանիտար խնդիրներ առաջացնող նպատակային քաղաքականություն. Սյունիքում Գորիս-Կապան ճանապարհին 2021թ. նոյեմբերի 11-ից հայտարարված ադրբեջանական, այսպես կոչված, սահմանային ու մաքսային վերահսկողությունը որևէ կապ չունի դրա նպատակների հետ:
Թաթոյանը հայտնում է, որ տեղական մարմինները, ՀՀ ԶՈւ և ԱԱԾ Սահմանապահ զորքերի ծառայողները տեղերում միջոցներ են գործադրում մարդկանց օգնելու համար: Բայց դա, նրա դիտարկմամբ, չի լուծում իրավունքների այն զանգվածային խախտումների հարցը, որ առաջ է եկել ադրբեջանական իշխանությունների, նրանց զինծառայողների անօրինական արարքներով:
Արման Թաթոյանը Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի ուղեկցությամբ այցելել է Շիկահող ու Ճակատեն գյուղեր։
Ելքը, ՄԻՊ–ի համոզմամբ, ադրբեջանական ծառայողների հեռանալն է ՀՀ համայնքներից ու ճանապարհներից։ Պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի: Այս մասին հատուկ զեկույցները Մարդու իրավունքների պաշտպանը կներկայացնի միջազգային համապատասխան կառույցներին, ինչպես նաև ՀՀ մարմիններին և ՀԿ-ներին:
Նշենք, որ այս տարվա մայիսի 12–ից ադրբեջանական ԶՈւ–ն ներխուժել է ՀՀ տարածք` Սյունիքի և Գեղարքունիքի հատվածում։ Նրանք նաև մաքսակետեր են տեղադրել Գորիս–Կապան մայրուղու վրա, իսկ վերջերս նաև բենզալցակայան են սկսել կառուցել։ Այս ամենի հետևանքով խաթարվել է Գորիս–Կապան մայրուղով ՀՀ քաղաքացիների անվտանգ տեղաշարժը։
Զրկվել են ջրից, արոտավայրերից, եկամտի աղբյուրից․ի՞նչ է արձանագրել ՄԻՊ-ը Ճակատենում
ՀՀ կառավարությունն ադրբեջանցիների տեղակայման տարածքը շրջանցող այլընտրանքային ճանապարհ է կառուցում, որի որոշ հատվածներ դեռևս անանցանելի են ցածր թափքով ավտոմեքենաների ու մեծ բեռնատրների համար։
Նշենք, որ նոյեմբերի 26-ին, Սոչիում, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ստեղծված իրավիճակը գնահատում է որպես Ադրբեջանի զորքերը ներխուժում ՀՀ ինքնիշխան տարածք։