Շիրակի մարզում կորոնավիրուսը նահանջում է. քանի՞ մահճակալ է զբաղված

Գյումրի
Կորոնավիրուսով վարակվածների թիվը նվազել է, դրական ազդեցությունն ունեն պատվաստումները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Շիրակի մարզում նվազել է ոչ միայն ստացիոնար, այլև ամբուլատոր բուժում ստացողների թիվը: Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանը Sputnik Արմենիային տեղեկացրեց, որ նոյեմբերի 30-ի դրությամբ մարզում 170 մահճակալից զբաղված են 86-ը, իսկ ամբուլատոր հսկողության տակ է 228 անձ։

«Թվերը նվազել են։ Ընդհանուր իրավիճակը կայուն է: Բնականաբար, դրական ազդեցությունն ունեն պատվաստումները: Այս պահի դրությամբ առաջին դեղաչափով պատվաստված է մարզի 18 տարեկանից բարձր բնակչության 33.3 տոկոսը»,- ասաց Ասլանյանը։

«Գյումրի» բժշկական կենտրոնում «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» և Շիրակի մարզի պոլիկլինիկական ծառայության հետ համագործակցության արդյունքում ամեն օր իրականացվում են կորոնավիրուսի դեմ պատվաստումներ։ Մարզում բոլոր պատվաստանյութերն առկա են, շարունակում են գործել նաև պատվաստումներ իրականացնող շարժական խմբերը:
Հիշեցնենք, որ Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստում են «Գամ-Կովիդ-Վակ» («Սպուտնիկ-V»), «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափի համար), «ԱստրաԶենեկա» («Վաքսզևրիա»), «Սինոֆարմ» և «Մոդեռնա» («Սպայկվաքս») պատվաստանյութերով։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 398-ով և դարձել 338518: