Սահմանին չկրակելու հրաման չի տրվել . ՀՀ պաշտպանության փոխնախարար

Զինծառայող
Կրակելու փոխարեն հակառակորդի հետ ձեռնամարտի մեջ մտնելու դեպքերն ուսումնասիրության կենթարկվեն ու կներկայացվեն պատգամավորներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Սահմանին չկրակելու հրաման չի տրվել։ Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում հայտարարեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին։ Վերջինս նշեց, որ տարածված լուրերի համաձայն` Սյունիքի սահմանը պահող զինվորներին հարձակվող թշնամու վրա չկրակելու հրաման է տրվել։
«Կարող եմ պնդել, որ չկրակելու մասին հրաման որևէ պաշտոնատար անձի կողմից չի տրվել։ Վստահաբար»,– ասաց Սարգսյանը։
Նշանակում է` ցուցում է տրված չկրակել. Օհանյանը` 4 դիրքից մեր զինվորների դուրս գալու մասին
Ինչ վերաբերում է լուրերին, թե սահմանին կրակելու փոխարեն զինվորները ստիպված են լինում ձեռնամարտի մեջ մտնել Ադրբեջանի զինծառայողների հետ, պաշտպանության փոխնախարարն ասաց. «Դրանք իրավիճակից բխող, հենց զինվորականների` այդ պահի թելադրանքով իրականացվող գործողություններ են»։
Սարգսյանը հայտարարեց, որ բոլոր միջադեպերն ու դրանց մասին լուրերն ուսումնասիրվում են։ Փոխնախարարի խոսքով` քննության առարկա են դառնալու նաև 2021թ–ի մայիսի իրադարձությունները, դրանց արդյունքները կներկայացվեն նաև ԱԺ պատգամավորներին։
Ի՞նչ է նշանակում գերի ընկնել. Փաշինյանը վստահեցնում է` հնարավոր չէ չկրակելու հրաման տրվի
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Արդյունքում հայկական կողմը 2 մարտական դիրք կորցրեց, ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հայտնեց 12 հայ զինծառայողի գերեվարման և մեկ զոհի մասին:
Նոյեմբերի 16–ին` ժ. 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։