ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Քաղաքաշինության կոմիտեն առաջարկում է տուգանել շինարարական աշխատանքները սահմանված ժամկետում չկատարած ընկերություններին։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում։
Նախագծի համաձայն` Քաղաքաշինության կոմիտեն առաջարկում է տուգանք կիրառել ոչ միայն կառուցապատողների, այլև շինարարական այլ աշխատանքներ կատարող ընկերությունների նկատմամբ։
«Կառուցապատումը/շինարարությունը (ներառյալ` կառուցումը, վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, վերազինումը, ընդլայնումը, քանդումը կամ ապամոնտաժումը) համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելն առաջացնում է տուգանքի նշանակում` շինարարության նախահաշվային (նախահաշվային փաստաթղթերի բացակայության դեպքում՝ քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի կողմից սահմանված խոշորացված ծախսերի) արժեքի մեկ տոկոսի չափով»,– նշված է նախագծում։
Իսկ մեկ անգամ տուգանվելուց հետո նոր սահմանված ժամկետում աշխատանքը չավարտելու դեպքում ընկերությունը կտոգանվի արդեն 10 տոկոսի չափով:
Կարգավորման նպատակն, ըստ նախագծի հեղինակների, գոյություն ունեցող օրենսդրական ոչ միանշանակ կարգավորումներն են, որոնք հանգեցնում են տարբեր շինաշխատանքների համար սահմանված ժամկետների ու պարտավորությունների խախտման։ Իսկ դա իր հերթին հանգեցնում է քաղաքաշինության ոլորտում բազմաթիվ խնդրահարույց իրավիճակների:
Օրենքի նախագիծը հանրային քննարկման համար բաց կլինի մինչև դեկտեմբերի 15-ը, որից հետո կներկայացվի արդեն կառավարության դատին։