Միայն երկխոսությունը կհանգեցնի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման. Միշել

Շառլ Միշելը վստահեցրել է, որ Եվրոպական խորհուրդը պատրաստ է իր դերակատարությունն ունենալ հակամարտությունների կարգավորման գործում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik.Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը համոզված է, որ միայն քաղաքական երկխոսությունը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կայուն կարգավորման։ Միշելը նման հայտարարություն է արել «Արևելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության համաժողովի իր ելույթում։ Այս մասին տեղեկանում ենք ԵԽ պաշտոնական կայքից։
ԵԽ Հայաստանի ու Ադրբեջանի հարցերով զեկուցողները դատապարտել են Ադրբեջանի ագրեսիան
Նրա խոսքով` տարածաշրջանում ձգձգվող հակամարտությունները մնում են հիմնարար խնդիր և պահանջում են միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան նոր ջանքեր։

«Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները ցույց են տալիս իրավիճակի փխրունությունը։ Լիովին համոզված եմ, որ միայն քաղաքական երկխոսությունը կարող է հանգեցնել կայուն կարգավորման։ Դա նաև կպահանջի Հայաստանում և Ադրբեջանում քաղաքացիական հասարակության համախմբում, ինչպես նաև կօժանդակի կամուրջներ կառուցելուն»,–ասել է նա։

Միշելը վստահեցրել է, որ ԵԽ-ն պատրաստ է իր դերակատարությունն ունենալ հակամարտությունների կանխարգելման և կարգավորման գործում։ Սա, ըստ նրա, ներառում է վստահության ամրապնդումն ու կայուն կարգավորման խթանումը։
ԵԽ գլխավոր քարտուղարը մտահոգված է Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցած միջադեպերով
Հիշեցնենք` Սոչիում նոյեմբերի 26–ին կայացավ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը։ Եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձնազրույց է ունեցել Ալիևի հետ։ Բանակցությունները տևել են երեք ժամ։ Եռակողմ հանդիպմանը հաջորդել է Պուտին–Փաշինյան առանձնազրույցը։
Նշենք, որ Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են հանդիպել նաև դեկտեմբերի 15-ին, Բրյուսելում, ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։