ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. Արգենտինայի ազգային թիմի և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին 7-րդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակին»:
France Football հեղինակավոր մրցանակաբաշխությունը կայացավ Փարիզի «Շատլե» թատրոնում նոյեմբերի 29-ին:
Տարվա երիտասարդ ֆուտբոլիստի տիտղոսը նվաճեց Իսպանիայի ֆուտբոլի ազգային թիմի և կատալոնական «Բարսելոնա»-ի 19-ամյա կիսապաշտպան Պեդրին:
2021 թվականի տարվա լավագույն հարձակվող կոչմանն արժանացավ Լեհաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու և «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին:
Կանանց պայքարում լավագույնը Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» անդամ Ալեքսիա Պուտելասն էր:
Լև Յաշինի անվան մրցանակը ստացավ ու լավագույն դարպասապահ ճանաչվեց Իտալիայի ազգային հավաքականի և ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումման:
Տարվա լավագույն թիմը Լոնդոնի «Չելսին» է:
Իսկ Արգենտինայի ազգային թիմի և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին 7-րդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակին»՝ ստանալով 613 միավոր։ «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որը երկրորդն էր քվեարկության արդյունքում, ստացել է 580 միավոր։
2021 թվականին Մեսսին Արգենտինայի հավաքականի հետ նվաճեց Կոպա Ամերիկան, իսկ «Բարսելոնայի» կազմում դարձավ Իսպանիայի գավաթակիր և Լա Լիգայի լավագույն ռմբարկու։
Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա արգենտինացին ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով չորս գոլի և երեք արդյունավետ փոխանցման հեղինակ։