ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի օդային սահմանը խախտած թշնամական օդանավի նկատմամբ ՀՀ ՀՕՊ միջոցների հնարավոր քայլերը կամրագրվեն ՀՀ կառավարության որոշմամբ։ Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը ներկայացրեց երկրորդ ընթերցմամբ «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։
Ըստ նախագծի` ՀՀ պետական սահմանի օդային տարածքի պաշտպանության ժամանակ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործման կարգը նախատեսվում է սահմանել ՀՀ կառավարության որոշմամբ:
Փոխնախարարի խոսքով՝ հակաօդային պաշտպանության զորքերն իրավասու են Հայաստանի անվտանգությանը սպառնալու կամ Հայաստանի նկատմամբ թշնամական որևէ գործողություն կատարելիս ուղեկցել ու ստիպել օդանավին կամ թռչող այլ սարքին վայրէջք կատարել օդանավակայաններում կամ այլ տարածքներում։
«Եթե օդանավը կամ թռչքող այլ սարքը շարունակում է գործողությունները, ՀՕՊ–ը ոչնչացնում է նշված օդանավը կամ թռչող սարքը», - ասաց Սարգսյանը։
Օրենքի փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Պետական սահմանի մասին» օրենքում մինչև այժմ կարգավորում չի եղել, թե նման իրավիճակներում ինչպես պետք է աշխատեն պետական կառավարման իրավասու մարմինները։
Օրենքի փոփոխությամբ կարգի մշակման իրավասությունը հանձնվում է ՀՀ կառավարությանը։
Նշենք, որ «Պետական սահմանի մասին» գործող օրենքը իրավական վերոհիշյալ բացթողմամբ ՀՀ–ում գործել է 20 տարի` 2001թ-ից ի վեր։ ՊՆ–ի ներկայացրած նախագիծն ԱԺ–ում քննարկվել ու ընդունվել է առաջին ընթերցմամբ։
Ընդդիմությունը օրենքի քվեարկությանը չէր մասնակցել, քանի որ պաշտպանության փոխնախարարը ԱԺ նիստում հստակ պատասխաններ չէր տվել ՀՀ սահմանների վիճակին վերաբերող իրենց հարցերին։