Երգչուհի Ռիհաննան դարձել է Բարբադոսի Հանրապետության ազգային հերոս

Ռիհաննա
Հանրապետության հաստատման և նախագահի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Բարբադոսի անկախության 55-րդ տարեդարձի օրը։ Մինչ օրս պետությունը ղեկավարում էր Մեծ Բրիտանիայի թագուհին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Աշխարհահռչակ երգչուհի Ռիհաննան դարձել է Բարբադոսի Հանրապետության ազգային հերոս։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշենք, որ Կարիբյան ծովի արևելքում գտնվող Բարբադոս կղզին պաշտոնապես հրաժարվել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի գերիշխանությունից՝ դառնալով աշխարհի ամենաերիտասարդ հանրապետությունը:

Ռոբին Ֆենթին, որն աշխարհին հայտնի է Ռիհաննա բեմական անվամբ, ծնվել է Բարբադոսում և երիտասարդ տարիքում տեղափոխվել է ԱՄՆ, որպեսզի սկսի երգչուհու կարիերան:

2018-ի սեպտեմբերին նա նշանակվել է Բարբադոսի արտակարգ և լիազոր դեսպան՝ արտերկրում կղզի–պետության մասսայականացման գործում ներդրած ավանդի համար: Նրա պատասխանատվության տակ են կրթության, զբոսաշրջության և ներդրումների հարցերը։
Այսօր Բարբադոսի մայրաքաղաք Բրիջթաունում Ռիհաննան մասնակցել է հանդիսավոր արարողությանը, որի ժամանակ Դեյմ Սանդրա Մեյսոնը երդում է տվել իբրև նորաստեղծ հանրապետության նախագահ:
«Ձեզ ենք ներկայացնում Բարբադոսի ազգային հերոս, դեսպան Ռոբին Ռիհաննա Ֆենտիին»,-արարողության ժամանակ ասել է վարչապետ Միա Մոթլին՝ իր խոսքը շարունակելով Ռիհաննայի երգերից մեկի խոսքերով։
Ցանկանում եք ճշմարտությո՞ւնն իմանալ՝ գնացեք Բարբադոս
Նշենք, որ սեպտեմբերի վերջին Բարբադոսի խորհրդարանը միաձայն հավանություն տվեց Սահմանադրության փոփոխություններին, որոնք թույլ են տալիս հրաժարվել կառավարման միապետական ձևից և երկիրը վերածել հանրապետության։Գրեթե մեկ ամիս անց խորհրդարանը կողմ քվեարկեց կղզու գեներալ-նահանգապետ Սանդրա Մեյսոնին առաջին նախագահ նշանակելու օգտին: