Նա խնդրեց, որպեսզի 2022 թվականի տրանսպորտի զարգացման հայեցակարգի մեջ ներառվի ձայնային ազդարարման համակարգի գործարկման հարցը։
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Սիփան Ասատրյանը, ով տեսողության լուրջ խնդիր ունի, կոչ արեց, որպեսզի նոր ներկրված տրանսպորտում անպայման գործարկվի ձայնային ազդարարման համակարգը։ Այդ մասին նա նշեց Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի 3-րդ նիստի մտքերի փոխանակման ժամանակ։
Նա չնայած իր գոհունակությունը հայտնեց տրանսպորտային համակարգում իրականացված փոփոխություններից, որոնց շնորհիվ հաշմանդամություն ունեցող անձանց համար շատ բաներ ավելի մատչելի ու հասանելի են դարձել, սակայն ընդգծեց, որ դեռևս որոշ հարցեր չլուծված են մնացել։
«Տրանսպորտի ֆունկցիոնալությունն անհրաժեշտ է օգտագործել ամբողջությամբ` ավելի մատչելի դարձնելով հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Բարձրացնում եմ չտեսնողների համար ձայնային ազդարարման համակարգի գործարկման հարցը։ Տեղյակ եմ, որ նոր ներկրված ավտոբուսներն ունեն այդ համակարգը, որը նախատեսված է զբոսաշրջիկների, մարզերից Երևան եկած և տարածքները չիմացող անձանց, ինչպես նաև երեխաների համար»,– նշեց Ասատրյանը։
Նա խնդրեց 2022 թվականի տրանսպորտի զարգացման հայեցակարգի մեջ ներառել ձայնային ազդարարման համակարգի գործարկումը։
Ի դեպ, նախկինում կար այդ համակարգը` ներդրված էր մանուշակագույն ավտոբուսներում, սակայն վարորդների ոչ պատշաճ օգտագործման արդյունքում խափանվեցին։
Նշենք, որ Երևանի քաղաքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 211 հատ 8,6 մետրանոց ավտոբուս։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնել է, որ արդեն մի քանի օրից մայրաքաղաքի փողոցներում կտեսնենք նոր քաղաքային ավտոբուսները, որոնք մի քանի փուլերով կմտնեն երթուղի։