ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Հեռուստատեսության և ռադիոյի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, արվեստի, գիտության և կրթության ոլորտում ունեցած հաջողությունների համար արվեստագիտության դոկտոր Հենրիկ Հովհաննիսյանին շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում։
Նախագիծը Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի 3-րդ նիստում ներկայացրեց քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանը:
Կոչումը շնորհելու առիթը հայկական հեռուստատեսության հիմնադրման 65 և Հենրիկ Հովհաննիսյանի ծննդյան 85 ամյակներն են։
Նախագիծն ընդունվեց 39 կողմ, 2 ձեռնպահ ձայներով։
1965 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում: Եղել է ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեի նախագահ։ ՀՀ նախագահի հրամանագրով 2001 թվականին նշանակվել է հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ: 2004 թվականից ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում թատրոնի բաժնի վարիչն է: 2011 թվականին նշանակվել է ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության նախագահի գլխավոր խորհրդական։
Հեռուստատեսությամբ վարել է մի շարք հեռուստահաղորդաշարեր՝ գրքի, լեզվի, մշակույթի վերաբերյալ, ինչպես նաև նարեկյան ընթերցումներ: 2003 թվականին Հենրիկ Հովհաննիսյանին շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով, «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» և «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշաններով: