ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Այսօր «Բաղրամյան» զորավարժարանում N զորամիավորման զորամասերից մեկի մասնակցությամբ անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` «Հակահարձակողական մարտի կազմակերպումն ու պայմանական հակառակորդի նշանակետերի խոցումը» թեմայով զորավարժության ընթացքում ստուգվել են ստորաբաժանումների ներդաշնակման և փոխգործակցության կարողությունները, զինծառայողների անհատական հմտությունները։ Անձնակազմը գերազանց է կատարել առաջադրված մարտական խնդիրները։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-25-ին անցկացվել էր հայ-ռուսական համատեղ զորավարժություն` հետևակի մարտական մեքենաների և օդուժի ներգրավմամբ, որոնք կրակային խոցման ընթացքում ցուցաբերել էին գերազանց արդյունքներ: