ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. «5165» շարժումը Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանն ուղղված սպառնալիքները և արցախյան հիմնախնդրի հարցում հակահայկական քայլերի շարունակականությունը կանխելու նպատակով պահանջում է ՀՀ կառավարության հրաժարականը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
Այս մասին հրատապ ասուլիսի ժամանակ ասաց շարժման ներկայացուցիչներից Մենուա Սողոմոնյանը` ներկայացնելով շարժման հայտարարությունը։
«Նախաձեռնելու ենք հանդիպումներ ու կոնսուլտացիաներ ՀՀ քաղաքական դաշտի բոլոր ուժերի, հասարակական բոլոր միավորումների ու հանրային ճանաչում ունեցող բոլոր անհատների հետ, ովքեր կիսում են մեր մտահոգություններն ու հանաձայն են մեր պահանջին։ Հնադիպումներ ենք ունենալու նաև մարզերում` հասարակական կառույցների ժողովրդի հետ»,– նշեց Սողոմոնյանը։
«5165» շարժման անդամը վստահեցնում է, որ փողոցային պայքարն այս պահին տեղափոխվում է քաղաքական կոնսուլտացիաների հուն` հետագայում ավելի մեծ թափով վերսկսելու համար։
Նրա խոսքով` «Զարթոնք» կուսակցության, հասարակական–քաղաքական գործիչներ Սոֆյա Հովսեփյանի, Նաիրի Հոխիկյանի, Վազգեն Պետրոսյանի և այլոց կողմից նախաձեռնած ազատագրական շարժման շուրջ համատեղ քայլերը պայմանավորված են եղել քաղաքական դաշտն ու հանրությանը համախմբելու հրամայականով։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը Facebook-ում գրառում էր արել, որով հայտնել էր, որ դուրս է գալիս 1 շաբաթ տևած «Ազատագրական շարժումից» ու իր պայքարը կշարունակի առանձին։
Նշենք` նոյեմբերի 22-ից «Ազատագրական շարժումը» բողոքի ակցիաներ և հանրահավաքներ էր իրականացնում` պահանջելով, որպեսզի Փաշինյանը հրապարակի սահմանազատման մասին փաստաթուղթը։