«1991 թվականին Ադրբեջանի իշխանություններն արդեն սկսել էին հայերի արտաքսումը Արցախից «Օղակ» գործողության շրջանակներում, որը դարձավ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի հետագա լայնածավալ ագրեսիայի նախաբանը։ Լայնածավալ պատերազմն Արցախի Հանրապետության դեմ, որը տևեց մի քանի տարի՝ մինչև 1994 թվականը, Ադրբեջանի կողմից հայերին իրենց հողերից վերջնականապես վտարելու փորձ էր»,- նշել է պաշտպանը։
«Հենց ադրբեջանական իշխանությունների, այդ թվում՝ այդ երկրի նախագահի բացահայտ և միտումնավոր խրախուսմամբ է իրականացվել հայերի դեմ ուղղված ցանկացած հանցավոր գործողություն, այդ թվում՝ սպանությունները։ Ամենավառ օրինակներից են քնած հային սպանած Ռամիլ Սաֆարովի հերոսացումը, ինչպես նաև 2016թ. ագրեսիայի ժամանակ հայի գլուխը կտրած և այն ադրբեջանական գյուղերում ցուցադրած ադրբեջանցի զինծառայողի՝ անձամբ նախագահի կողմից պարգևատրումը»,- գրել է Արցախի ՄԻՊ-ը։