Հայաստանում ալյուրն ու հացը թանկացել են. ո՞րն է պատճառը

Հաց և ալյուր
Հայաստանում տարեկան սպառում են 390-ից 420 հազար տոննա հացահատիկ, որից 320-ից 350 հազար տոննան ներկրվում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանում ալյուրի ու հացի գների աճն ավելի շատ պայմանավորված է արտաքին գործոններով, ավելի քիչ՝ երկրում տիրող իրավիճակով (ազգային արժույթի արժեզրկում, պատերազմի հետևանքներ)։ Գլխավոր գործոնը վերջին ամիսներին Ռուսաստանում հացահատիկի գների աճի միտումն է, հենց Ռուսաստանից է Հայաստանը ներմուծում ցորենի և համակցված կերերի մեծ մասը։ Գրեթե երեք անգամ թանկացել են նաև ծովով բեռնափոխադրումները։
ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2021 թվականի հոկտեմբերին հացի, ձավարեղենի ու ալյուրի գներն 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են համապատասխանաբար 11%, 17,3% ու 7,2%-ով: Իսկ 2021 թվականի սեպտեմբերի համեմատ՝ հոկտեմբերին աճը կազմել է 1%, 1,2% և 1,5%։ Գնի աճ գրանցվել է նաև նոյեմբերին, սակայն տվյալները դեռ չկան։
Գնաճը Հայաստանում. ինչն ինչքան է թանկացել
2021 թվականի սեպտեմբերից հացը թանկացել է 30-50 դրամով. փոքր բոքոնն արդեն արժե 140-150 դրամ` նախկին 110 դրամի փոխարեն, Հրազդանը (450 գրամ) արժե 300 դրամ, իսկ մատնաքաշը հացի կես կիլոգրամը՝ 350 դրամ։
«Մանանա Գրեյն» ձեռնարկության ղեկավար Գուրգեն Նիկողոսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ՌԴ-ում հացահատիկի գների աճն էական է. 2020 թվականին մեկ տոննա ցորենը կարելի էր գնել 9 հազար ռուբլով (123 դոլար), 2021 թվականի սեպտեմբերին այն արդեն արժեցել է 14 500 ռուբլի (մոտ 199 դոլար), իսկ այժմ՝ 22 հազար ռուբլի (մոտ 290 դոլար):
Նշված գնին ավելացնում են տրանսպորտային ծախսերը և ԱԱՀ-ն։ Այսպիսով` 1 տոննա ցորենը Հայաստան մուտք գործելիս արդեն արժե 385 դոլար։
Ընդհանուր առմամբ, անցյալ տարվանից ցորենի գինն աճել է 30 տոկոսով։ Պաշտոնապես մեկ պարկ ալյուրը թանկացել է 2,5 հազար դրամով, այսինքն՝ մեկ կիլոգրամ ալյուրը 40 դրամով է թանկացել։
«Դեկտեմբերի համար հացահատիկի գնի վերաբերյալ կանխատեսումներ չեմ անի։ Ամեն ինչ կախված է արտաքին գործոններից։ Բայց կարող եմ ասել, որ Հայաստանում հացի ու ալյուրի գների հետ կապված իրավիճակն այնքան էլ վատ չէ», - ասաց Նիկողոսյանը։

Նա պարզաբանեց, որ այդ առումով Հայաստանը զգում է ԵԱՏՄ-ին անդամակցելու դրական կողմը, այլապես մյուս հարևան երկրների պես ստիպված կլիներ վճարել նաև Ռուսաստանի կողմից հացահատիկի արտահանման քվոտայի համար: Այսինքն՝ ներկայիս 100 դոլարի փոխարեն մեկ տոննան 170 դոլարով կթանկանար։

Բացի այդ, խոշոր մատակարարներին հաջողվում է առայժմ զսպել գների կտրուկ աճը՝ մինչև աշուն ավելի ցածր գներով արտահանված պաշարների հաշվին։
Մյուս կողմից էլ իրավիճակը փրկում է այն, որ մատակարարների մեծ մասը «Վերին Լարս» անցակետով է հացահատիկ ներկրում։ Նոյեմբերին կտրուկ ավելացել է ծովային փոխադրումների գինը։ Եթե դեռ 2020 թվականին 1 տոննայի փոխադրումն արժեր 18 դոլար, ապա այժմ այն գերազանցել է 30-ամյա ռեկորդն ու կազմել 60 դոլար:
Նիկողոսյանը նշեց, որ մուլտիմոդալ փոխադրումները (ֆուրա-լաստանավ-երկաթուղի կամ ֆուրա) ծովով ապրիորի ամենաթանկն են։ Որքան շատ տեղամասեր է հատում ապրանքը, որքան շատ տրանսպորտային միջոցներ են ներգրավված, այնքան բարձր է գինը։ Ներկայումս ծովով մեկ տոննա ցորենի փոխադրումը նվազագույնը 50 դոլարով ավելի թանկ կնստի, քան «Վերին Լարսով»։
Գնաճը հասել է 9.1 տոկոսի. ԿԲ–ի կանխատեսումներն առաջիկա ամիսների համար լավատեսական չեն
Փորձագետներն ակնկալում են, որ ցորենի հետ կապված իրավիճակը ավելի տեսանելի կլինի հունվարի վերջին։
Ընդհանուր առմամբ, Հայաստանում տարեկան սպառում են 390-ից 420 հազար տոննա հացահատիկ, որից 320-ից 350 հազար տոննան ներկրվում է։