ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik․ Ֆրանսիայի գլխավոր դատախազությունը պահանջել է երկրի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնին դատապարտել 5 տարվա ազատազրկման և 375 հազար եվրոյի չափով տուգանքի: Տեղեկությունը հայտնում է «Ֆրանսպրես» գործակալությունը։
Դատախազությունը պնդում է, որ 5 տարիներից 1-ը Ֆիյոնը պատիժը կրի բանտում, իսկ մնացած 4 տարին՝ տնային կալանքի տակ՝ էլեկտրոնային ձեռնաշղթայով:
Նոյեմբերի 15-ին Փարիզի Վերաքննիչ դատարանում սկսվել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի գործով դատավարությունը։
Ֆիյոնի գործը կապված է պետական միջոցների վատնման և հանրային գույքի չարաշահման հետ 1998-2013թթ.: Սկանդալը ծագել է 2017-ի նախագահական ընտրարշավի ժամանակ։ Այն սկսվել է Canard enchaine պարբերականի հրապարակումից հետո։ Ըստ սկանդալային հոդվածի՝ նախկին վարչապետի կինը ութ տարի աշխատավարձ է ստացել որպես նրա կեղծ խորհրդարանական- օգնական:
Թերթը նաև հայտնել է, որ Պենելոպա Ֆիյոնը որոշ ժամանակ գումար է ստացել Revue des Deux Mondes ամսագրում աշխատելու համար, սակայն կասկածի տակ է դրել այն փաստը, թե արդյոք այդ աշխատանքը ևս կեղծ չի եղել: Այդ ընթացքում նա պետական գանձարանից ստացել է 613 հազար եվրո։