Ես հանգիստ չեմ լինի, մինչև տուն չվերադարձնենք հայ գերիներին. Ադամ Շիֆ

ԱՄՆ կոնգրեսականը տեսաուղերձով է հանդես եկել և նշել, որ միշտ Արցախի և Հայաստանի կողքին է լինելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, որ որպես ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի փոխնախագահ` հանգիստ չի լինի, մինչև տուն չվերադարձնեն բազմաթիվ հայ գերիներին։
Շիֆը նման տեսաուղերձով է հանդես եկել Երևանում մեկնարկած ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի ժամանակ, տեղեկանում ենք ՀՅԴ պաշտոնական կայքից։
«Զինվորականի երդումն ուղղակի բա՞ն ա, այո, կան քրգործեր». Փաշինյանը` գերիների մասին
«Ես հանգիստ չեմ լինի, մինչև փախստականները չվերադառնան իրենց տները և տարածաշրջանում վերջնական ու արդար խաղաղություն չհաստատվի»,–ասել է Շիֆը։
Նրա խոսքով` չնայած այս տարի առաջընթաց է գրանցվել, քանի որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոտրել է ամոթալի լռության տասնամյակները՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, սակայն դրանով իրենց` կոնգրեսականների աշխատանքը չի ավարտվում։
Շիֆը հիշեցրել է, որ ճիշտ այս պահին հազարավոր մարդիկ Հայաստանում և Արցախում ապրում են իրենց հարևանների կողմից շարունակական սպառնալիքի պայմաններում` միաժամանակ սգալով իրենց հարազատների կորուստը, որոնք սպանվում են, գերեվարվում, տեղահանվում, խոշտանգվում ու ապօրինաբար ձերբակալվում:
Բրյուսելում կքննարկվի գերիների հարցը, Սոչիում` սահմանների. Փաշինյանը փակագծեր բացեց
Շիֆը հավելել է, որ շարունակելու է աջակցել ու ուժեղացնել ժողովրդավարությունը ՀՀ-ում և Արցախում, խորացնել հայ ու ամերիկացի ժողովուրդների կապերը:
«Ես միշտ կլինեմ Հայաստանի ու Արցախի կողքին»,-իր խոսքն ամփոփել է կոնգրեսականը։
Հավելենք, որ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովն իր աշխատանքները կշարունակի Գորիսում, ապա՝ Արցախի Հանրապետությունում։