ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik․ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Էրդողանը հիմնավորել է դա տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ցանկությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք կողմ ենք տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Մենք այդ հարցերը բազմիցս քննարկել ենք բարեկամ Ռուսաստանի և, հատկապես, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Մենք պատրաստ ենք միջնորդության՝ բանակցություններ վարելով ինչպես Ուկրաինայի, այնպես էլ պարոն Պուտինի հետ»,- Թուրքմենստան կատարած այցից հետո թուրք լրագրողներին ինքնաթիռում ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահն իր խոսքում ընդգծել է, որ իր երկիրը ցանկանում է մասնակցել հարցի կարգավորմանը։
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Թուրքիան ցանկանում է գագաթնաժողով անցկացնել Դոնբասի հարցով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի մասնակցությամբ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հրաժարվել էր մեկնաբանել այս լուրը՝ նշելով, որ «չի մեկնաբանում աղբյուրներին»։
«Բանն այն է, որ Ռուսաստանը Դոնբասի հակամարտության կողմ չէ, և նման գագաթնաժողովում խնդրի լուծման ուղիներ գտնելն անհնար կլինի»,- նշել էր Պեսկովը։
Նա հստակեցրել էր, որ մի կողմից հակամարտության կողմ է Կիևը, մյուս կողմից՝ ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչները։