Դավիթ Տոնոյանը ևս 2 ամիս կմնա կալանքի տակ. հրթիռների փորձաքննություն այդպես էլ չի արվել

Պաշտպանության նախկին նախարարի պաշտպանը հայտնեց, որ Տոնոյանն իրեն լավ է զգում, և այժմ մշակում են իրենց հետագա անելիքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։
«Կալանքի հետ կապված դատական նիստը 3 օր է տևել` նոյեմբերի 24-27-ը, և դատարանը որոշեց ևս երկու ամսով կալանավորել Տոնոյանին։ Որոշման օրինակը դեռևս չենք ստացել»,–ասաց փաստաբանը։
Դավիթ Տոնոյանի փաստաբանները ուզում են մասնակցել «անորակ» զենք-զինամթերքի փորձաքննությանը
Հովհաննիսյանը նշեց, որ իր համար տարօրինակ է, թե ինչ հիմքեր պետք է դատարանը գրած լինի կալանքի որոշման մեջ, և գուցե մինչև հիմա էլ մտածում են` ինչ գրել։ Ամեն դեպքում, ըստ նրա, ներկայացված միջնորդության կամ էլ կից ներկայացված նյութերում կալանքի որոշում կայացնելու համար բավարար տվյալներ չկային։
Տոնոյանի պաշտպանը նշում է, որ իրենց բոլոր միջնորդությունները դատարանը մերժում է։ Ավելին, մինչ օրս անկատար է մնացել պաշտպանական կողմի առաջարկած փորձաքննությունը, որի միջոցով կարող էր որոշվել Հայաստան մատակարարված հրթիռների որակը և պիտանելիությունը։ Սակայն դրա փոխարեն դատատեխնիկական փորձաքննություն է իրականացվել, որի արդյունքներին պաշտպանական կողմն ամբողջովին ծանոթ չէ։
Դավիթ Տոնոյանն առնչություն ունի ՀՀ ամենախայտառակ ու ամենադաժան էջերի հետ. պատգամավոր
«Պարոն Տոնոյանն իրեն լավ է զգում, սակայն հիմա, հաշվի առնելով, որ նրա նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում, մեր անելիքներն ենք ծրագրավորում»,–ասաց Հովհաննիսյանը։
Հավելենք, որ պաշտպանական կողմն ավելի վաղ հայտարարել էր` նախաքննական մարմինն է նշանակել փորձաքննություն` որոշելու հրթիռների որակը և պիտանելիությունը։ Սակայն դրանից հետո, առանց պատճառաբանության, անկատար է թողել փորձաքննության կատարումը, նշանակել մեկ այլ՝ դատատեխնիկական փորձաքննություն:
«Էլի մեղադրյալներ կլինեն. շատ տհաճ է». Տիրան Խաչատրյանը` Դավիթ Տոնոյանի դեմ քրգործի մասին
Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարարը կալանավորվել էր սեպտեմբերի 30-ին՝ ոչ պիտանի ավիացիոն հրթիռների գնման քրեական գործի շրջանակներում։
Նախաքննությունը Տոնոյանին և գործարար, զենքի առևտրական Դավիթ Գալստյանին մեղադրում է 4,6 մլն դոլար յուրացնելու մեջ։ Նրանք իրենց մեղքը չեն ընդունում։