ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում քննարկման կդրվի մի բանաձև, որը տեղի կառավարությանը կոչ է անում ճանաչել Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի, ասորիների ու հույների ցեղասպանությունները: Տեղեկությունը հայտնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը:
Բանաձևը կքննարկվի հենց այսօր` նոյեմբերի 29-ին։
Նշվում է, որ պատգամավոր Թրենթ Զիմերմանի առաջ քաշած բանաձևը Ավստրալիայի կառավարությանը հորդորում է հավատարիմ մնալ 1948 թվականի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դատապարտման մասին կոնվենցիային և ճանաչել «Օսմանյան կայսրության կողմից 1915-1923 թվականների ընթացքում հայերի, հույների և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը»:
Ի դեպ, սա համատեղ նախաձեռնության առաջին օրենսդրական հայտն է, որը ստեղծվել է 2020 թվականի փետրվարին հայ-ավստրալական, ասորա-ավստրալական և հունա-ավստրալական համայնքների կողմից։
Եթե այսօր ելույթ ունեցողների մեծ մասը բանաձևին կողմ արտահայտվի, ապա Ներկայացուցիչների պալատը կոչ կանի տեղի կառավարությանը ժողովրդի կամքը հաշվի առնելով ճանաչել հայերի, ասորիների ու հույների ցեղասպանությունները: