ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Աստղ է տեղադրվել Բարսելոնայում արդեն 140 տարի շարունակ կառուցվող Սագրադա Ֆամիլիա (La Sagrada Família` Սուրբ Ընտանիքի) տաճարի աշտարակի գագաթին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Աստղը հայտնվել է Կույս Մարիամի աշտարակի գագաթին՝ 138 մետր բարձրության վրա։
Սուրբ Մարիամ Աստվածածնի աշտարակի օծումը նախատեսված է դեկտեմբերի 8-ին, պատարագը կմատուցի Բարսելոնայի արքեպիսկոպոս Խուան Խոսե Օմելան:
«Սա պատմական իրադարձություն է, քանի որ խոսքը վերջին դետալի մասին է, որը տեղադրվում է աշտարակի գագաթին և որը փոխում է Բարսելոնայի կերպարը»,-ասվում է Twitter-ում տաճարի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ հոյակերտ տաճարի շինարարությունը սկսվել է հեռավոր 1882 թ․-ին։ Առաջին նախագիծը մշակել է ճարտարապետ Ֆրանսիսկո դել Վիլյարը, որի փոխարեն 1883 թ․-ի վերջին հրավիրվել է Անտոնիո Գաուդին. վերջինս զգալիորեն փոխել է սկզբնական նախագիծը։
Շինարարությունն ընդհատվել է Քաղաքացիական պատերազմի տարիներին (1936-1939), և անցած տարի՝ համավարակի ժամանակ։
Ավելի վաղ ասվել էր, որ ֆինանսական խնդիրների պատճառով հազիվ թե հնարավոր լինի աշխատանքն ավարտին հասցնել մինչև 2026թ․-ը՝ Անտոնիո Գաուդիի մահվան հարյուրամյակին ընդառաջ։