ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Ճանապարհային ոստիկանությունը ժամանակավորապես երկկողմանի փակել է Զովունի գյուղի ճանապարհը։ Ինչպես հայտնում է ԱԻՆ–ը, պատճառը տեղում իրականացվող աշխատանքներն են։
Հիշեցնենք` անցած գիշեր ժամը 03։25-ին Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհին տեղի էր ունեցել քարաթափում․ավտոճանապարհը դարձել էր միակողմանի երթևեկելի։
Դեպքի վայր է մեկնած փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը պարզել էր, որ Կորեայի ձոր տանող ավտոճանապարհի մոտակա բլուրից 6 խմ քարեր են թափվել ճանապարհի երթևեկելի մասի վրա, ինչի հետևանքով այն դարձել էր միակողմանի երթևեկելի։ Փրկարարների գնահատմամբ` առկա է նոր քարափաման վտանգ։