Ծանոթության կայքեր և ամուսնական գործակալություններ. օգնո՞ւմ են դրանք, վստահու՞մ են մարդիկ

Ծանոթություն
Մեկն իր կեսին դեռ ուսանողական տարիներին է գտել, մյուսի համար ազգականներն են կյանքի ուղեկից գտնում, բայց ժամանակակից աշխարհում ամեն օր միլիոնավոր մարդիկ ծանոթության կայքերում են բախտ որոնում։ Հետաքրքիր է` ինչպես են վերաբերվում հայերն օնլայն ծանոթություններին։
Sputnik
Մի քանի տարի առաջ եվրոպական հայտնի հեռուստաալիքներից մեկը հետաքրքիր սոցիալական փորձ էր անցկացրել։ Բավականին հմայիչ երիտասարդը փողոցում մոտենում էր իր տարիքի աղջիկներին և ժամադրության հրավիրում։ Երիտասարդին մերժում էին գրեթե բոլոր աղջիկները։ Եվ այնուամենայնիվ, նրանցից շատերը համացանցում շփումը շարունակելու ցանկություն էին հայտնում...
Ժամանակակից աշխարհում ինտերնետ-ծանոթությունները վաղուց արդեն սովորական են դարձել։ Չէ՞ որ վիրտուալ շփման ընթացքում կարելի է մարդու մասին բավականին շատ բան իմանալ՝ կողմնորոշվելու համար` պետք է արդյոք շարունակել շփվել նրա հետ իրական կյանքում, թե արժե բլոկել։
Իհարկե, թատրոնը, համերգները, ակումբները` որպես ծանոթության վայր նույնպես չեն վերացել, բայց արդեն այնքան պահանջված չեն, որքան մեր ծնողների ժամանակ։ Սրանք ապացուցող բազմաթիվ վիճակագրական տվյալներ կան։
«Որտեղ ես, այնտեղ էլ նա». Արզաքանցյանը` կնոջ հետ ծանոթության և ընտանեկան կյանքի մասին
Ըստ տարբեր գնահատականների՝ համացանցի օգտատերերի մոտ մեկ երրորդը գոնե մեկ անգամ օգտագործել է ծանոթությունների համար նախատեսված ռեսուրսները։ Իսկ մոտ մեկուկես միլիոն մարդ այդ ռեսուրսներում օրական չորս և ավելի ժամ է անցկացնում։

Ինչպե՞ս էին ծանոթանում առաջ

Ի դեպ, խորհրդային տարիներին դեյթինգ-հարթակի մի տեսակ նախատիպ գոյություն ուներ՝ թերթերը։ Հենց այնտեղ էին հայտարարություն տեղադրում կյանքի ուղեկից փնտրողները։ Անգամ մասնագիտացված պարբերականներ կային, որոնք միայն ամուսնական հայտարարություններ էին տպում։
Համացանցի փորփրելիս հաջողվեց մի քանի նման հայտարարություն գտնել։ Դրանք, պետք է ասել, աչքի են ընկնում յուրահատուկ շարադրանքով։
«Փնտրում եմ կին՝ համատեղ կյանքի համար։ Կյանքի, հասկանո՞ւմ ես։ Սկանդալներն ու պահանջները թող այնտեղ, որտեղից կմտնես իմ կյանք»։
Երգի, արվեստի հանդեպ սերն է բնութագրիչ 48-ամյա հմայիչ շիկահեր կնոջ (հասակը՝ 158 սմ) համար, որն ապրում է Մոսկվայում՝ մեկ սենյականոց բնակարանում, մոր հետ։ Սակայն դա չի խանգարում նրան տարվել ձեռագործով, խոհարարությամբ, ինչը և պետք է գնահատվի ապագա ամուսնու կողմից, ցանկալի է՝ տղամարդկային մասնագիտություն ունեցողի։

Նաև փոստը կար։ Երիտասարդները նամակագրության միջոցով փնտրում էին միմյանց և, պատահում էր` գտնում էին։ Սովորաբար նամակ էին գրում զինվորներին՝ բանակ, բանտարկյալներին՝ գաղութ։ Ծրարի մեջ սեփական լուսանկարն էին դնում` նույնն էլ ակնկալելով հասցեատերերից։

Սակայն վերադառնանք մեր օրեր և նորից դիմենք վիճակագրությանը․աշխարհում հենց այս պահին ծանոթությունների մոտ ութ հազար կայք է գործում, և պարբերաբար նոր կայքեր են ստեղծվում։
Մեր հայրենակիցների շրջանում ևս այդ կայքերը մեծ պահանջարկ ունեն` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում ընդամենը երեք միլիոն հայ է բնակվում, իսկ աշխարհում՝ ավելի քան 10 միլիոն։
Բացի այդ, բուն Հայաստանում կանանց թիվը տղամարդկանց թվից զգալիորեն մեծ է։ Ազգային վիճակագրական ծառայության ս․թ․ հունվարի 1-ի տվյալներով՝ մեր երկրում բնակվում է 1 398 107 տղամարդև 1 565 144 կին։
Գահն ինձ համար սիրուց թանկ չէ, թագավորական ընտանիքի զավակների արտառոց ամուսնությունները
Այս առանձնահատկությունները հաշվի առնելով՝ հայերի շրջանում առցանց ծանոթությունների տարածվածությունը միանգամայն հասկանալի է։ Բայց որքանո՞վ են դրանք արդյունավետ ամուր կապեր ստեղծելու համար և որքանո՞վ են հենց օգտատերերը վստահում դրանց։

Կա՛մ ճակատագիրդ է, կա՛մ ոչ

«Լուրջ հարաբերությունների համար ես ծանոթությունների կայքեր չէի մտնում։ Ընդհանրապես չեմ հավատում, որ կարող ես բախտդ գտնել՝ «սվայփ» անելով հեռախոսի էկրանին, որտեղ քո հավանական «երկրորդ կեսերը շարք են կանգնել»»,-ասում է 41-ամյա Անդրանիկը։
Այստեղ, իսկապես, տրամաբանություն կա։ Ոչ միայն երազկոտ աղջիկները, այլև շատ տղամարդիկ ուզում են «իրենց միակին» հանդիպել ավելի ռոմանտիկ պայմաններում, ոչ թե ծանոթությունների կայքում մարդու պրոֆիլը վերլուծելու արդյունքում։
Բայց, օրինակ, 29-ամյա երևանցի Արամայիսը կարծում է, որ ծանոթությունների կայքերում միանգամայն հնարավոր է ամուսնության համար հարմար աղջիկ գտնել։ «Ես շատ կայքերում եմ գրանցված, ուղղակի վիրտուալ շփման համար շատ ժամանակ չունեմ։ Բայց ամեն դեպքում կարծում եմ, որ մեր օրերում այդ եղանակով միանգամայն հնարավոր է հարսնացու գտնել»,-ասում է նա։
Նույն կարծիքին է նաև Սերինեն։ Մայրաքաղաքի 40-ամյա բնակչուհին վստահ է, որ 21-րդ դարի թրենդը թելադրված է առաջին հերթին կյանքի ժամանակակից ռիթմով, երբ մարդիկ ոչ միշտ են կենդանի շփման ժամանակ ունենում։ Բացի այդ, հնարավոր է զույգ գտնել ոչ միայն մեկ երկրի տարբեր անկյուններից, այլև ամբողջ աշխարհից։ Նա օրինակ է բերում իր ծանոթին, որն այդկերպ ամուսնանալով ամերիկահայի հետ, Հայաստանի մարզերից մեկից տեղափոխվեց Միացյալ Նահանգներ։ Մեկ այլ ծանոթուհին իր ապագա ամուսնու հետ Facebook սոցիալական ցանցում է ծանոթացել։
Արցախում ամուսնությունների թիվն աճել է
Նման կայքերի արդյունավետությունը չի կարելի միանշանակ գնահատել։ Այդպես է նաև այն դեպքում, երբ մարդիկ ընդհանուր ծանոթների միջոցով են ծանոթանում` հաջող միության երաշխիք և՛ կա, և՛ չկա։ Նույնն է նաև դեյթինգ-հարթակների դեպքում։
«Վիրտուալ ծանոթությունների դեպքում շատ հնարավոր է անադեկվատ մեկին հանդիպել, բայց կարելի է նաև միանգամայն կարգին մարդ գտնել, ուղղակի զգույշ և ուշադիր պետք է լինել»,-ասում է Սերինեն։
Այնպես որ համացանցում զուգընկեր գտնելը միանգամայն իրատեսական է (մեզնից յուրաքանչյուրը հաստատ երկու-երեք նման դեպք գիտի), բայց դա, ամեն դեպքում, լոտոյի նման է` հատկապես, եթե հաշվի առնենք նման հարթակներում ֆեյքերի և խաբեբայության դեպքերի հսկայական թիվը։
Թեև հանուն արդարության պետք է նշել, որ հենց ծանոթությունների հայկական կայքերում, ինչպիսիք բավականին շատ են, խարդախություններն այնքան տարածված չեն, որքան, օրինակ, աշխարհում մեծ տարածում ունեցող Tinder-ում։

Բայց այստեղ էլ մեկ այլ խարդավանք է տարածված․հայ օգտատերերը, մասնավորապես՝ տղամարդիկ, շատ հաճախ թաքցնում են իրենց կարգավիճակը։ Այլ կերպ ասած՝ ամուսնացած տղամարդիկ հաճախ ամուրի են ձևանում՝ հույս ունենալով «կողքից մի բան կպցնել»։ Ընդ որում՝ ոմանք անցողիկ կապեր են փնտրում, ոմանք՝ մշտական հարաբերություններ։

Հոգեբան Լիլիթ Մկրտումյանը կարծում է, որ խնդիրն այս դեպքում ոչ այնքան սոցցանցերն ու ծանոթությունների կայքերն են, որքան այդ տղամարդկանց մտածողությունը։
«Ինտերնետ-հարթակները, իմ կարծիքով, ընդամենը կողքից օգնում են։ Եթե մարդն այդպիսի նպատակ է դրել, նա փորձելու է հասնել դրան տարբեր եղանակներով։ Այսինքն՝ սոցցանցերն ու ծանոթությունների կայքերը տարբերակներից մեկն են։ Այլ հարց է, որ այդ հարթակներն օգնում են ավելի հեշտ ու արագ հասնել նպատակին»,-ասում է նա։

Ամուսնական գործակալությունը՝ որպես այլընտրանք

Ամուսնության կամ լուրջ հարաբերությունների համար համացանցում «խառը» որոնման այլընտրանք կարող է դառնալ ամուսնական գործակալությունը։
«Շատերն օրվա մեծ մասն աշխատավայրում են անցկացնում և շփման, զվարճանալու, ծանոթանալու, հարաբերություններ կառուցելու ժամանակ չի մնում։ Այդ պատճառով էլ ես չեմ զարմանում, որ մարդիկ փորձում են այդ ձևով լուրջ հարաբերություններ սկսել, հատկապես նրանք, ովքեր արդեն ամուսնության կամ լուրջ հարաբերության անհաջող փորձ են ունեցել»,-ասում է Լիլիթ Մկրտումյանը։
Հայաստանում մի քանի ամուսնական գործակալություն է գրանցված։ Եվ հետաքրքիր է, որ ծանոթությունների կայքերը նրանց աշխատանքին չեն խանգարում։
«Երջանկության գաղտնիք» ամուսնական գործակալության տնօրեն Իլոնա Բաղիշյանի կարծիքով՝ տվյալ դեպքում կարևորագույն առավելությունը հաճախորդի անձնական տվյալների գաղտնիությունն է։
Ամերիկացի ամենասկանդալային դերասանուհի և մոդել Փերիս Հիլթոնն ամուսնացել է
«Մենք ունենք կայք, որտեղ կարելի է լրացնել հարցաթերթիկը և ներկայացնել սեփական տվյալները։ Սակայն դրանք ոչ ոք չի տեսնում, բացի մեր ադմինիստրատորներից, որոնք հայտն ընդունելուց հետո կապվում են հաճախորդի հետ»,-ասում է Իլոնան։
Մյուս կողմից, եթե ծանոթությունների կայքում օգտատերերի տրամադրած տվյալները ոչ ոք չի ստուգում (կարելի է սխալ տարիք, ընտանեկան կարգավիճակ, զբաղվածություն նշել և այլն), ապա այստեղ հարկավոր է անձնագիր ներկայացնել։
«Մենք ստուգում ենք մեզ տրամադրված տեղեկությունները և պատասխանատվություն ենք կրում դրանց համար։ Եթե համացանցում մարդիկ փորձում են հնարավորինս փակ լինել, ապա մեզ մոտ հակառակն է՝ հնարավորինս շատ բան են պատմում, որպեսզի կարողանանք ճիշտ զույգ ընտրել»,-նշում է «Երջանկության գաղտնիքի» տնօրենը։
Քանի որ ծանոթության կայքերի և ամուսնական գործակալությունների հիմնական տարբերությունն այն է, որ վերջիններիս կարելի է դիմել միայն իսկապես լուրջ մտադրություններ ունենալու դեպքում, ապա գոյություն ունեն նաև որոշակի սահմանափակումներ։ Այսպես, Իլոնայի խոսքով՝ մինչև 30 տարեկան երիտասարդները չեն կարող գրանցվել։ Մասնագետները կարծում են, որ այդ տարիքում տղամարդիկ դեռևս հոգեբանորեն պատրաստ չեն ամուսնության։
Ինչ միջոցների էին դիմում արտերկրում ամուսնանալ ցանկացող հայերը, երբ դեռ չկար համացանցը
Բացի այդ, ամուսնական գործակալության ծառայություններից չեն կարող օգտվել չաշխատող տղամարդիկ։ Այստեղ ամեն ինչ պարզ է՝ ընտանիքը պահելու համար կայուն եկամուտ է պետք։
Հետաքրքիր է, որ գործակալություններին շատ են դիմում սփյուռքի հայերը, որոնք ուզում են հարսնացու ընտրել հայաստանցի աղջիկներից։ Գրանցվելու համար պետք է որոշակի գումար վճարել, բայց այն այնքան մեծ չէ, որ խոչընդոտ դառնա այս հարցում։
Այստեղ չկան այն ռիսկերը, որոնք թաքնված են համացանցում (հատկապես՝ կանանց համար)։ Սակայն այս տիպի ծանոթությունների առանձնահատկություն կարելի է համարել այն փաստը, որ ի սկզբանե ընտրություն կատարում են տղամարդիկ։ Սակայն ժամադրությանը վերջնական համաձայնություն տալիս են գեղեցիկ սեռի ներկայացուցիչները։
Ամուսնական գործակալությունների միջոցով ծանոթացածները սովորաբար թաքցնում են այդ փաստը։ Եվ այնուամենայնիվ, հաջողված զույգերը քիչ չեն։ Իլոնան հավատացնում է, որ գործունեության 12 տարիների ընթացքում իր թիմին հաջողվել է ավելի քան 500 զույգ միացնել։