Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Սոչիի եռակողմ հայտարարությունը

Աշխաբադում ընթացող տնտեսական գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվում է նաև Ադրբեջանի ու Իրանի նախագահների հանդիպումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում ընթացող Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է իրանական ԻՌՆԱ լրատվական գործակալությունը։
Հաղորդագրության համաձայն` ԱԳ նախարարները քննարկել են Սոչիում Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման արդյունքներով ստորագրված եռակողմ հայտարարությունն ու ընդհանուր առմամբ եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։
Մենք համաձայն չենք Ադրբեջանի նախագահի տեսակետի հետ. Փաշինյանը` գերիների մասին
Քննարկվել են նաև տարածաշրջանում առկա իրավիճակին, համագործակցության «3+3» հավանական ձևաչափին վերաբերող հարցեր:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Աշխաբադում ընթացող տնտեսական գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հանդիպումը։
Հիշեցնենք` Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը կայացել է Սոչիում։ Եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձնազրույց է ունեցել Ալիևի հետ։ Բանակցությունները տևել են երեք ժամ։ Եռակողմ հանդիպմանը հաջորդել է Պուտին–Փաշինյան առանձնազրույցը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ նոր եռակողմ հանդիպում կլինի, որի ժամանակ կներկայացվեն այսօրվա քննարկման որոշ արդյունքներ, հայտարարություն կարվի այսօր կայացրած որոշումների մասին։
Նշենք, որ Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են հանդիպել նաև դեկտեմբերի 15-ին Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։
Փաշինյանի ու Ալիևի նախորդ հանդիպումը (Պուտինի մասնակցությամբ) կայացել էր Մոսկվայում այս տարվա հունվարի 11-ին։ Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվել էր երկրորդ եռակողմ հայտարարությունը, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։