Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը միանշանակ պետք է երկարաձգել, որովհետև 21-րդ դարում պայքարը ոչ միայն ռազմական, այլնաևտնտեսականգործիքներովէտեղի ունենում։ Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը`հիշեցնելով, որ արգելքի ժամկետը լրանում է դեկտեմբերի 31–ին։
Նրա խոսքով` հաշվի առնելով հատկապես Արցախյան 44-օրյա պատերազմում Թուրքիայի ակտիվ դերակատարումն ու ռազմատենչ հայտարարությունները` մեր երկիրը տնտեսական բաղադրիչը պետք է օգտագործի և գոնե այդ կերպ պատասխան տա Թուրքիային։
«Այստեղ թերևս ոչ թե տնտեսական նպատակահարմարությունն է առաջնային, որքան մեր երկու երկրների միջև թշնամական վերաբերմունքը։ Իհարկե մրցունակ տնտեսություն կառուցելու տեսանկյունից ներկայումս կարևոր է ազատ տնտեսական հարաբերությունների հաստատումը թե՛ ներմուծման, թե՛ արտահանման առումով, բայց մյուս կողմից եթե դիտարկում ենք այն աշխարհաքաղաքականությունը, որն իրականացվում է թշնամի երկրի կողմից մեր նկատմամբ, ապա հնարավորության սահմաններում դրան համարժեք պատասխան պետք է տրվի»,– ասաց տնտեսագետը։
Խաչատրյանի կարծիքով` բոլոր մտահոգություններն ու նկատառումներն առ այն, որ տնտեսական որոշակի խնդիրներ գուցե առաջանան մեր տնտեսվարող սուբյեկտների մոտ, և դա այն գինն է, որ պետք է վճարի մեր պետությունը, այդուհանդերձ պետք է հաշվի առնել, որ տարիներ ի վեր, փակ սահմաններ ունենալով հանդերձ, Հայաստանը զարգացել է և նույնիսկ դեպքեր են եղել, որ տնտեսական երկնիշ աճ է արձանագրվել։
«Մենք միանշանակ հնարավորություններ ունենք զարգանալու և ավելի մրցունակ դառնալու, բայց այն բոլոր նկատառումները, որ անհրաժեշտ է անպայման տնտեսական հարաբերություններ զարգացնել թշնամի երկրի հետ, մեղմ ասած մոլորություն է»,– ասաց տնտեսագետը։
Խաչատրյանի պնդմամբ` թուրքական ապրանքների ներկրումը մեր տնտեսության վրա չնչին ազդեցություն ունի, քանի որ Թուրքիայից ներմուծվող ապրանքների ծավալը շատ մեծ չի եղել, մեր ընդհանուր ներմուծման կառուցվածքում եղել է 7-8–րդ տեղում, հետևաբար գնաճային ճնշումների առումով դա էական դեր չէր կարող խաղալ։
Ըստ նրա` պետության` որպես խաղի կանոններ սահմանողի ու թելադրողի դերակատարումն այն է, որ ինքն ի սկզբանե պետք է գծի գործողությունների շրջանակը, որում հասարակությունը, բոլոր տնտեսական խաղացողները պետք է կառուցեն իրենց վարքագիծը։
Հետևաբար եթե թուրքական ապրանքների նկատմամբ կա որոշակի պահանջարկ, ապա դա չի նշանակում, որ պետությունը պետք է ընդառաջ գնա և անի ամեն ինչ, որ շուկան հեղեղվի թուրքական ապրանքներով։ Տնտեսագետի պնդմամբ` պետությունը պետք է ցույց տա թուրքական տնտեսական ազդեցության կործանարար հետևանքներն ու հասարակությանը զերծ պահի թուրքական ապրանքներ սպառելուց։
Հիշեցնենք, որ 2020թ.-ին ընդունված որոշմամբ` Հայաստանում թուրքական ապրանքների 6-ամսյա արգելքն ուժի մեջ է մտել 2021թ–ի հունվարի 1-ից։ ՀՀ կառավարությունը հունիսի 26-ի նիստում վեց ամիս ժամկետով երկարաձգեց թուրքական ապրանքների ներմուծման արգելքը։