ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik․Այսօր երգչուհի Սոնա Ռուբենյանի հարսանիքն է։ Երգչուհին Instagram – ի իր էջի Stories բաժնում լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել։
Տեսանյութում այն պահն է, երբ փեսան՝ Էմիլը, գալիս է հարսիկի հետևից, բարձրացնում քողն ու համբուրում նրան։ Լուսանկարներից մեկում էլ Սոնան ու Էմիլը մեքենայում են, թերևս եկեղեցու ճանապարհին։
Ի դեպ, Սոնան կարևոր օրվա համար հետաքրքիր, նուրբ ու ոճային սպիտակ զգեստ է ընտրել։ Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը ևս Instagram-ի իր էջում հրապարակել է Սոնայի՝ սպիտակ զգեստով կարճ տեսանյութը՝ նկարագրությունում գրելով «սիրուն հարսիկ»։ Հետևորդները սիրառատ գրառումներ են կատարել մեկնաբանություններում՝ երջանկություն մաղթելով երգչուհուն։
Նշենք, որ զույգը նշանվել է այս տարվա հուլիսին, երբ սիրելին Սոնային անսպասելի ամուսնության առաջարկություն էր արել։
Երգչուհին տեսանյութ էր հրապարակել, որտեղ Էմիլը` նրա ընտրյալը, Սոնայի աչքերը կապած նրան բերում է հեքիաթային զարդարված մի վայր։ Աչքերի կապը քանդելով` Էմիլը մատանի նվիրեց Սոնային։
Էմիլն ու Սոնան իրենց հարաբերությունների մասին հետևորդներին հայտնեցին տարեսկզբին։ Այդ ժամանակ Սոնան առաջին անգամ լուսանկար հրապարակեց ընտրյալի հետ՝ նրա տարեդարձի առթիվ: