ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik. Փրկարարները մահացած հինգ հանքափորների մարմիններ են դուրս բերել Կուզբասի «Լիստվյաժնայա» հանքահորի։Տեղեկությունը հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում տալով Արտակարգ իրավիճակների նախարարությանը։
««Լիստվյաժնայա» հանքավայրում որոնաղական աշխատանքների ժամանակ փրկարարները հինգ մահացած հանքափորների են հայտնաբերել»,- հայտնել են գերատեսչությունից։
Այսօր հանքահորում վերսկսվել են որոնողափրկարարական աշխատանքները։ Կեմերովոյի մարզի նահանգապետ Սերգեյ Ցիվիլևի խոսքով՝ անհրաժեշտ է հանել բոլոր զոհվածներին, սակայն գլխավոր խնդիրը այլևս ոչ մի մարդու չկորցնելն է։
Ընդհանուր առմամբ, ներկայումս հանել են 11 մարմին։ Երեկ հայտնաբերել էին նրանցից վեցին՝ երեք հանքափորի և երեք փրկարարի։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան «Լիստվյաժնայա» հանքավայրում փլուզում է տեղի ունեցել. հանքում 285 մարդ է եղել։ Մեծ մասին հաջողվել է դուրս բերել, մնացածներին օգնության են հասել փրկարարները, սակայն որոշ ժամանակ անց նրանց հետ են կանչել պայթյունի սպառնալիքի պատճառով:
Ողբերգության հետևանքով զոհվել է 51 մարդ՝ 46 հանքափոր և 5 փրկարար։ Նախնական տվյալներով` արտակարգ պատահարի պատճառ է դարձել մեթանի պայթյունը։