ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik․ Սովորական սպանախը հիպերտոնիկների համար ամենաօգտակար մթերքներից մեկն է։ Նման եզրակացության են եկել Ստոկհոլմի Կարոլինյան ինստիտուտի մասնագետները։ Կոլումբիական Semana պարբերականն անդրադարձել է գիտնականների կատարած հետազոտությանը, ըստ որի՝ սպանախի օգտակարության գաղտնիքը պարունակվող ոչ օրգանական նիտրատներն են։
Հետազոտության մասնակիցները շաբաթական երեք անգամ փոքր քանակությամբ սպանախ են կերել։ Արդյունքում գիտնականները նրանց մոտ զարկերակային ճնշման նվազում են արձանագրել:
Պարզվել է, որ նիտրատները նպաստում են ազոտի օքսիդի ձևավորմանը, որը լայնացնում է անոթները և օգնում է վերահսկել ճնշումը:
Մադրիդի La Paz հիվանդանոցի բժիշկ Ռեգինա Դալմաուն հետազոտությունից հետո եկել է այն եզրակացության, որ նիտրատների վտանգի մասին գոյություն ունեցող կարծիքը սխալ է:
«Այս հետազոտության շնորհիվ մենք իմացանք, որ նիտրատները ոչ միայն վտանգավոր չեն, այլև նույնիսկ օգտակար են սրտանոթային համակարգի համար»,-նշել է բժիշկը։
Հավելենք, որ տարեկան հարյուր հազարավոր մարդկանց մոտ ախտորոշվում է հիպերտոնիա՝ արյան բարձր ճնշում։ Սա ոչ միայն ամենատարածված, այլև ամենամահաբեր հիվանդություններից է աշխարհում։ Արյան ճնշումը վերահսկելու համար բժիշկները խորհուրդ են տալիս հետևել սննդակարգին, քաշին, խուսափել սթրեսներից, հրաժարվել ծխելուց, կրճատել աղի, ալկոհոլի և կոֆեինի օգտագործումը: