ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik․ Հապալասի և դրանից պատրաստված ըմպելիքների կանոնավոր օգտագործումը կարող է կայունացնել արյան ճնշումը: Օգտակար այս նորության մասին գրում է Daily Express-ը։
Հարվարդի բժշկական դպրոցի մասնագետները փորձ են կատարել. մեկ ամսվա ընթացքում փորձին մասնակցողների մի մասը պետք է ամեն օր հապալասից ըմպելիքներ օգտագործեր, իսկ մյուսներն այլ ըմպելիք էին խմում: Ինչպես ցույց են տվել հետազոտության արդյունքները, օրական նույնիսկ 200 գրամ հատապտուղների օգտագործումը նպաստում է անոթների լայնացմանը և արյան ճնշման նվազմանը ընդամենը 2 ժամվա ընթացքում։
Գիտնականների խոսքով՝ ազդեցությունը կայուն պահպանվել է մեկ ամսվա ընթացքում։ Նման արդյունք ձեռք է բերվում նաև հատուկ դեղամիջոցների հաշվին: Մասնագետների կարծիքով՝ դա տեղի է ունենում շնորհիվ հապալասում պարունակվող եզակի հակաօքսիդանտի՝ անտոցիանի։