ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik. Ղազախստանի զինված ուժերն իրենց զինանոցը կհամալրեն թուրքական ANKA հարվածային անօդաչուներով։
Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, համապատասխան պայմանագիրը ստորագրել են «Կազսպեցէքսպորտ» (Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման նախարարության անունից) ձեռնարկությունը և ANKA - ի արտադրողը` թուրքական Türk Havacılık ve Uzay Sanayi AŞ (TUSAŞ) օդատիեզերական ընկերությունը:
Պայմանագրի համաձայն՝ Ղազախստանի ռազմաօդային ուժերը մինչև 2023 թվականը կստանան ANKA անօդաչու թռչող սարքի երեք միավոր, երկու ցամաքային բազաներ, ինչպես նաև լոգիստիկ սպասարկման փաթեթ (տեխնիկական փաստաթղթեր, ուսուցում և պահեստամասեր): Ավելի վաղ նույն դրոնները վաճառվել էին Թունիսին։
Թուրքական աղբյուրների համաձայն՝ ԱԹՍ-ն հագեցած է էլեկտրաօպտիկայով, լազերային ցուցիչով, տեսախցիկով լազերային հեռաչափով։ Սարքն ունի 1700 կգ առավելագույն թռիչքային զանգված և կարող է երկնքում մնալ ավելի քան 30 ժամ: Անօդաչու թռչող սարքերի հեռահարությունը մինչև 250 կմ է: Այն կարող է փոխադրել 350 կգ բեռ: