Բերդ, թատրոն և հուշարձան. ռուսական հետքը Երևանում

Ճարտարապետական հուշարձաններում հավերժացված Երևանի պատմությունը շատ հետաքրքիր փաստեր է պարունակում։ Ինչ-որ բան լավ հայտնի է, իսկ ինչ-որ բան մոռացված է կամ գրեթե չի հիշատակվում։ Այսօր կփորձենք հիշել լավ (կամ ոչ այնքան) մոռացված հինը. կշրջենք քաղաքի ռուսական հետքերով։
Sputnik

Քո մտքերն ու գործերը անմահ են ոչ միայն ռուսական հիշողության մեջ․..

Հայաստանում քչերն է, որ չգիտեն հայ ժողովրդի մեծ բարեկամ, ականավոր բանաստեղծ, դրամատուրգ և դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի դերակատարության մասին: Երևանում կա «Խելքից պատուհասը» անմահ կատակերգության հեղինակի հուշարձանը՝ ի երախտագիտություն այն ներդրման, որ նա ունեցել է Ռուս-պարսկական պատերազմից (1826-1828 թթ.) հետո Արևելյան Հայաստանի ազատագրման, Պարսկաստանից մի քանի տասնյակ հազար հայերի հայրենադարձության կազմակերպման համար։
«Երևանը՝ քո գրպանում». նոր գիրք-ուղեցույց ռուս զբոսաշրջիկների համար
Որպես Պարսկաստանում Ռուսաստանի դեսպանորդ՝ Գրիբոյեդովը նաև մեծ դերակատարություն է ունեցել 1828 թվականի Թուրքմենչայի հաշտության պայմանագրի մշակման գործում, որով Արևելյան Հայաստանը մտավ ռուսական կայսրության կազմի մեջ։ Այդ պատերազմի ընթացքում ռուսական զորքերը գրավեցին Էրիվանի բերդը։ 1827 թվականի հոկտեմբերի 1-ին Երևանի բերդի գրավման օրը ռուսական զորքերի և հայկական ջոկատների առջև գեներալ-ադյուտանտ Սիպյագինի կողմից ընթերցված հրամանը կազմել էր անձամբ Գրիբոյեդովը․ «Ռուսաստանը ձեզ երախտապարտ կլինի, որ սատարեցիք նրա վեհությունն ու հզորությունը»։
Պատմական այս կարևոր իրադարձության համր վկան հանդիսացող ամրոցը գտնվում էր Հրազդանի կիրճի մոտ՝ Երևանի գեղատեսիլ անկյուններից մեկում։ Դրա տեղում այժմ Երևանի հայտնի «Նոյ» կոնյակի-գինու-օղու կոմբինատն է։ Երբ Հայաստանի մի մասը պարսկական լծի տակ էր, ամրոցը բազմիցս վերակառուցվել և ամրացվել է պարսկական խաների կողմից։ Այն զբաղեցնում էր քաղաքի մեծ մասը և ծառայում էր որպես մշակութային-կենցաղային կենտրոն. այստեղ էին գտնվում մզկիթը, դրամահատարանը և բաղնիքները։
Ռուսաստանի վարչապետը երեկոն անցկացրել է երևանյան ջազ ակումբում. «Ժողովուրդ»
Եվ հենց այստեղ՝ Երևանի բերդում, առաջին անգամ Հայաստանում ռուսների միջոցով թատերական ներկայացում բեմադրվեց։ 1827 թվականի դեկտեմբերին, երկու ամիս անց այն բանից հետո, երբ ռուսական զորքերը գեներալ Պասկևիչի հրամանատարությամբ գրավեցին բերդը և ազատագրեցին Արևելյան Հայաստանը պարսկական լծից, ամրոցի սրահներից մեկում ներկայացվեց «Խելքից պատուհասը» կատակերգությունը։
Ռուս սպաները որոշեցին անակնկալ մատուցել Գրիբոյեդովին. երբ 1827 թվականին, պատերազմի ավարտից հետո, հեղինակը բերդ այցելեց, նրան ներկայացրեցին Սարդարի ամրոցի պալատում իր պիեսի առանձին հատվածների բեմադրությունը: Դերակատարները դեկաբրիստ-սպաներն էին, որոնք արտաքսվել են Կովկաս։ Կանանց դերերը կատարում էին երիտասարդ զինվորները։ Ահա այսպիսի արտասովոր մթնոլորտում էլ տեղի ունեցավ ցարական գրաքննությամբ արգելված «Խելքից պատուհասը» պիեսի պրեմիերան։ Հայկական հողի վրա Ալեքսանդր Գրիբոյեդովն առաջին անգամ իր ստեղծագործությունը տեսավ բեմի վրա, այն հողի, որի ժողովրդի ազատագրման համար նա մի փոքր ավելի ուշ վայր կդնի գլուխը․..
«Վերածնունդ». ՌԴ ընկերությունը նախատեսում է Երևանում կառուցել 1-ին կայմապարանային կամուրջը
Այս պատմական իրադարձությունը՝ հեղինակի ներկայությամբ Ռուսաստանում «Խելքից պատուհասը» անմահ պիեսի առաջին բեմադրությունը հավերժացվել է հայերեն և ռուսերեն տեքստով՝ Երևանի կոնյակի գործարանի պատին տեղադրված հուշատախտակով։ Եվ դա երկրի տարածքում գտնվող բազմաթիվ հուշանշաններից մեկն է, որն արտացոլում է Ռուսաստանի և Հայաստանի եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու սերտ կապերը։

Պատմության զիգզագը․ հեղափոխականի հուշարձանը ռուսական տաճարի տեղում

1931 թվականից մինչ օրս Երևանի կենտրոնում կանգնեցված է բոցաշունչ հեղափոխական և քաղաքական գործիչ Ստեփան Շահումյանի հուշարձանը։ Այս ուշագրավ հուշարձանը, իսկ ավելի ճիշտ՝ դրա պատմությունը լավ վկայում է մեր բարդ անցյալի մասին։ Վայրը, որտեղ տեղադրվել է հուշարձանը, մինչև 1917 թվականի հեղափոխությունը կոչվել է Մայր Տաճարի հրապարակ։ Իսկ հուշարձանի տեղում 1920 թվականին քանդված Նիկոլսկի ուղղափառ տաճարն էր։
Երևանցիները գնում էին լեգենդար Փուրթուլի մոտ, կամ ինչից մահացան Ֆրեյդն ու Թարիվերդիևը
19-րդ դարի երկրորդ կեսին Երևանի կենտրոնական հրապարակում կառուցված ռուսական այդ ռազմական տաճարը սկսել է Վ. Միրզոևը, իսկ ավարտել է Ի․Կիտկինը։ Տաճարի նախագծի առաջին տարբերակը ներկայացվել է 1891 թվականին, իսկ 1894 թվականի փետրվարին Կովկասի քաղաքացիական մասի գլխավոր հրամանատարը Սրբազան Սինոդի տնտեսական կառավարմանը կից տեխնիկական ժողովին ներկայացրել է Երևանում ուղղափառ տաճարի նախագիծը, որը կազմել է քաղաքացիական ինժեներ Մ.Բույնովը:
Նախագիծը հավանության է արժանացել 1894 թվականի հուլիսի 5-ին: 1900 թվականին հիմնադրվել է շինարարական կոմիտեն՝ Էրիվանի նահանգապետ Վ. Տիզենհաուզենի գլխավորությամբ, հաստատվել է կոմիտեի աշխատակարգը։ 1901 թվականին կոմիտեն հանգանակություն է իրականացրել «չնախատեսված ծախսերը հոգալու համար» Թիֆլիսի, Բաքվի, Ելիսավետպոլի, Էրիվանի նահանգների և Կարսի մարզի սահմաններում։
Տաճարը կառուցվել է հայկական կարմիր և սև տուֆից։ Նախագիծն իր մեջ ներառում էր առանձին խորանի գահեր, որոնք նախատեսված էին ուղղափառ և հայ առաքելական եկեղեցու հավատացյալների համար: Այդ տաճարը ռուսական եկեղեցական գեղարվեստական մշակույթի և հայկական շինարարական արվեստի յուրօրինակ սինթեզ էր։
Տաճարի պատերը, գմբեթը ու կամարները կառուցվել են՝ հաշվի առնելով Հայաստանի սեյսմաակտիվությունը, ամրացվել են երկաթե կապերով։ Տաճարի ներքին հարդարանքը ձևավորվել է աստվածաշնչյան սյուժեների որմնանկարներով ու համալրվել եկեղեցական կահույքով, կահավորանքով և ջահերով։

Շինարարների ակումբից՝ Ստանիսլավսկու թատրոն

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը Հայաստանի ամենահայտնի և սիրված թատրոններից է։ Մելպոմենեի այս տաճարը շատ բան է տեսել և ճանապարհ է անցել սովորական ակումբից մինչև Հայաստանի ամենապահանջված ու վաստակավոր թատրոններից մեկը։
Երևանի կենտրոնում՝ Աբովյան փողոցում գտնվող ռուսական թատրոնը ժամանակին ընդամենը շինարարների ակումբ էր։ Նման մշակութային կենտրոններ աշխատանքային դասի համար այն ժամանակ կառուցվել են ամբողջ ԽՍՀՄ-ում։ Ակումբը սկսել է կառուցել 1929 թվականին. շենքի հեղինակներն էին երիտասարդ ճարտարապետներ Միքայել Մազմանյանը, Կարո Հալաբյանը և Գևորգ Քոչարը։
Հայաստանի քաղաքացիները կկարողանան վարկեր ստանալ Ռուսաստանից ու ԵԱՏՄ այլ երկրներից
Շինարարների երևանյան ակումբը Երևանի առաջին կոնստրուկտիվիստական շենքերից էր և բաղկացած էր երկու մասնաշենքից։ Առաջինում գործում էին տարբեր խմբակներ, անցկացվում էին պարապմունքներ և մշակութային միջոցառումներ, իսկ երկրորդում գործում էր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտեն։ Տաղավարի նման, հակիրճ երկրաչափական ձևերով (սյուներ, հարթ տանիք և այլն) ակումբն աչքի էր ընկնում իր արտաքին տեսքի միաձուլությամբ, թեև խիստ քննադատության էր ենթարկվում։ Մասնավորապես՝ ակադեմիկանությունից հեռանալու ու նոր, ժամանակակից ճարտարապետական ձևեր ստեղծելու ձգտման պատճառով:
«Հիշելով նախնյաց սխրանքը»․ Ռուսաստանի դեսպանը ծաղկեպսակ է դրել Երևանում Անմար կրակի մոտ
1933 թվականին շինարարների ակումբը հանձնվեց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին, իսկ 1937 թվականին Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը որոշեց երկրում ռուսական թատրոն ստեղծել՝ դասական դրամատուրգիայի լավագույն նմուշները քարոզելու համար: Գեղարվեստական ղեկավար նշանակվեց ռեժիսոր Լևոն Քալանթարը։ Սկզբում ռուսական թատրոնն իր ներկայացումները բեմադրում էր օպերային բեմում, իսկ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի կառուցումից հետո Շինարարների ակումբի շենքը ռուսական թատրոնի հարթակը դարձավ։
Խորհրդանշական է, որ նախկին ակումբը դարձել է ռուսական թատրոն։ Դրա շենքի ստեղծողները 1920-ական թվականներին սովորել են Մոսկվայում։ Իսկ Մազմանյանն ու Հալաբյանը Մոսկվայում աշխատել են որպես Վախթանգովի անվան թատերական ստուդիայի նկարիչներ, որտեղ բազմաթիվ ներկայացումներ են ձևավորել։
1929 թվականին այդ «հզոր խումբը»՝ Կարո Հալաբյանը, Միքայել Մազմանյանը և Գևորգ Քոչարը, եկել էին Հայաստան և սկսել ակտիվորեն մասնակցել Խորհրդային Հայաստանի երիտասարդ մայրաքաղաքի կառուցմանը։
Ռուսական թատրոնի առաջին բեմադրությունը տեղի է ունեցել 1937 թվականի նոյեմբերի 15-ին։ Դա եղել է «Առերեսում» ներկայացումը: Թատերախումբը հիմնականում բաղկացած էր Թբիլիսիի Կարմիր բանակի թատրոնի դերասաններից։ Այդ թատերախումբը ավելի վաղ լուծարվել էր և ընդունել էր Հայաստանում աշխատելու հրավերը։
Ստանիսլավսկու անվան թատրոնն անվանակոչելու գաղափարը ծագել է 1938 թվականին՝ վարպետի մահից հետո։ Երևանի թատրոնի աշխատանքային կոլեկտիվը նամակ է ուղարկել Մոսկվայի Գորկու անվան Գեղարվեստական թատրոնի վետերաններին ու խնդրել է թույլ տալ, որ թատրոնը անվանվի Ստանիսլավսկու անունով։ Թույլտվությունը ստացվեց նույն թվականին։