ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik․ Հարավային Աֆրիկայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր շտամը՝ B. 1.1.529-ը, համարվել է «մտահոգություն առաջացնող տարբերակ»: Այն անվանվել է հունական Omicron տառով: Տեղեկությունը հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ վիրուսների էվոլյուցիայի հարցերով տեխնիկական խորհրդատվական խմբի արտակարգ նիստի արդյունքները ներկայացնող հայտարարության մեջ։
«Խորհրդատվական խումբը ԱՀԿ-ին հաղորդել է, որ այս տարբերակը պետք է ընդունել որպես մտահոգություն առաջացնող, և ԱՀԿ-ն նշել է B. 1.1.529-ը որպես նման տարբերակ՝ այն անվանելով Omicron»,- նշված է հայտարարության մեջ:
Տեխնիկական խորհրդատվական խմբի գնահատմամբ՝ Omicron-ն ունի մեծ թվով մուտացիաներ, որոնցից մի քանիսը անհանգստություն են առաջացնում:
Նախնական տվյալները վկայում են այս շտամով կրկնակի վարակվելու բարձր ռիսկի մասին։
ԱՀԿ-ի տեղեկություններով՝ «Օմիկրոնի» դեպքում վիրուսի փոխանցման արագությունն ավելի բարձր է, նաև գրանցվել է վիրուսայնության աճ կամ հիվանդության կլինիկական դրսևորումների փոփոխություն։