Ադրբեջանը գերեվարված 4 զինծառայողի մասին ՄԻԵԴ-ին պատասխան պետք է տա մինչև դեկտեմբերի 1-ը

ՄԻԵԴ. Արխիվային լուսանկար
Եվրոպական դատարանը գերեվարված 4 հայ զինծառայողի գործով միջանկյալ միջոց կիրառելու որոշում է կայացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik․ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է Ադրբեջանի կողմից գերեվարված 4 զինծառայողի գործով անհապաղ միջոց կիրառելու վերաբերյալ իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանի և Սիրանուշ Սահակյանի դիմումը: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Արտակ Զեյնալյանը։
Եվրադատարանը գանգատ է ներկայացվել ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ անհետ կորած և գերեվարված, այնպես էլ նոյեմբերի 16-ին մարտական գործողությունների ժամանակ գերեվարվածներ զինծառայողների մասով: 4-ի գործով ՄԻԵԴ էին դիմել Արտակ Զեյնալյանն ու Սիրանույշ Սահակյանը, մյուսների գործով՝ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը:
Մենք համաձայն չենք Ադրբեջանի նախագահի տեսակետի հետ. Փաշինյանը` գերիների մասին
Զեյնալյանի խոսքով՝ առաջնային խնդիրն է գերեվարված անձանց ֆիզիկական անձեռնմխելիությունը և կյանքը պաշտպանության տակ վերցնելը։
Նա նաև նշեց, որ կան տեսանյութեր, համաձայն որոնց՝ գերեվարվածների թիվը 2-3 տասնյակ է:
«Հարազատների հետ ենք հանդիպել, նրանց հետ կապի մեջ ենք»,- նշեց Զեյնալյանը։

Ադրբեջանին ՄԻԵԴ-ի որոշմամբ մի քանի հարցեր են հղվել, մասնավորաբար՝ արդյոք այդ մարդիկ գերեվարվե՞լ են, որտե՞ղ են պահվում, ի՞նչ բժշկական միջամտություններ են արվել և արդյոք նրանց հայրենադարձնելու նպատակ ունե՞ն, թե՞ ոչ։

Այս հարցերին պատասխանելու համար Ադրբեջանին ժամանակ է տրվել մինչև դեկտեմբերի 1-ը։
Հիշեցնենք, որ ըստ պաշտպանության նախարարության` նոյեմբերի 16-ին Ադրբեջանի գործողությունների հետևանքով 13 զինծառայող է գերեվարվել։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում։
Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ գերեվարված զինծառայողների թիվն իրականում 13 չէ. անհետ կորածների մեծ մասը գերեվարվածներ են։