Որպեսզի ծնողը ստիպված չլինի երեխային տանել հեռու դպրոց. ինչ են առաջարկում նախարարությունից

Դպրոց
Դպրոց ընդունվելու ժամանակ ներկայում առաջնահերթություն ունեն տվյալ կրթական հաստատությունում քույր կամ եղբայր ունեցողները կամ եթե ընդունվողը տվյալ դպրոցի աշխատակցի երեխա է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների համաձայն` դպրոց ընդունվելիս առաջնահերթություն է տրվելու դպրոցին մոտ ապրող երեխաներին։
Տեղեկությունն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։
300 դպրոց և 500 նախադպրոցական հաստատություն. մանրամասներ` ՀՀ–ում ընթացող շինաշխատանքներից
«Դպրոց ընդունվելու ժամանակ ներկայում առաջնահերթություն ունեն տվյալ կրթական հաստատությունում քույր կամ եղբայր ունեցողները կամ եթե ընդունվողը տվյալ դպրոցի աշխատակցի երեխա է: Այժմ այդ ցանկն ավելացնում ենք: Օրենքի նախագծով առաջնահերթություն կտրվի դպրոցին մոտ բնակվող երեխաներին: Հայաստանում դպրոցները պետք է այնպիսի անհրաժեշտ պայմաններ ունենան, որ ծնողը ստիպված չլինի որակի համար երեխային տանել հեռու դպրոց»,- նշեց Անդրեասյանը։
Առաջարկվող փոփոխություններով դպրոց երեխաներին ընդունելու հարցում առաջնահերթություն կտրվի նաև պետական աշխատողներին, որոնք երկրի ներսում գործուղվում են, օրինակ, մի մարզից մյուսը, առնվազն 6 ամիս տևողությամբ: