Տեղի են ունենում միջադեպեր, ցավոք, լինում են նաև զոհեր. Պուտինը` Ալիևի հետ հանդիպմանը

ՌԴ նախագահի խոսքով` ռուս խաղաղապահներն ու ռուս-թուրքական զինադադարի կառավարման կենտրոնն ակտիվ աշխատում են տարածաշրջանում խաղաղության պահպանման ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած առանձնազրույցի ժամանակ հայտարարեց, որ Ռուսաստանը զգալի ներդրում ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում։
Նրա խոսքով` ռուս խաղաղապահներն ու ռուս-թուրքական զինադադարի կառավարման կենտրոնը դրական դեր ունեն ու ակտիվորեն աշխատում են տարածաշրջանում խաղաղության պահպանման ուղղությամբ։

«Ցավոք, դեռ կան խնդիրներ։ Տեղի են ունենում միջադեպեր, ցավոք, մինչ օրս չի ստացվում խուսափել նաև զոհերից։ Դրա համար էլ հավաքվել ենք, որ քննարկենք, թե ինչ է արվել ու ինչ է պետք անել` նման միջադեպերը կանխելու, տարածաշրջանում իրավիճակի հանդարտեցման ու տարածաշրջանի զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման համար»,– ասել է Պուտինը։

Հիշեցնենք` Սոչիում այսօր նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Ի՞նչ է ակնկալում ՌԴ-ն Սոչիի եռակողմ հանդիպումից