ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Տաթև համայնքի ղեկավար, պահեստազորի սպա Սամվել Լալայանը Facebook-ի իր էջում մի փոքր դրվագ է ներկայացրել Սյունիքի համայանքապետների և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից։ Նա նշել է, որ այդ քայլին է գնում մամուլում և սոցիալական հարթակներում շրջանառվող մի շարք կեղծ և զրպարտիչ լուրերը հերքելու համար, համաձայն որոնց` Սյունիքի համայնքապետների և ՀՀ վարչապետի հետ հանդիպման ընթացքում Սյունիքի համայնքապետներն իրենց համաձայնությունն են տվել Սյունիքից տարածքներ հանձնել թշնամուն:
«ՀՀ վարչապետին առաջարկել եմ Սյունիքում ստեղծել ինքնապաշտպանական ուժեր, որով հնարավոր կլինի արդյունավետ կերպով օգնել ՀՀ զինված ուժերին՝ դիմագրավելու թշնամական ագրեսիաներին:
Եվ վերջում մեկ անգամ էլ կուզեմ ասել, որ Սյունիքը մե՛րն է և մե՛րն է լինելու, Սյունիքը թշնամուն հող չունի՛ հանձնելու»,–գրել է նա` նշելով, որ ինքն Արցախյան երեք պատերազմների մասնակից է։
Լալայանը հիշեցրել է, որ վերոնշյալ հանդիպումը փակ ֆորմատով էր, և որոշ քննարկված հարցեր ենթակա չեն հրապարակման:
Նշենք, որ նոյեմբերի 24–ին Նիկոլ Փաշինյանը հանդիպում էր ունեցել Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ ու արձանագրել, որ որ Սյունիքի մարզն այսօր կառավարության ուշադրության կենտրոնում է։ Վարչապետի աշխատակազմը հրապարակել է հանդիպման տեսագրությունը։