ՍԴ-ն բավարարեց Հրայր Թովմասյանի միջնորդությունը. Ավանեսյանի հրամանի քննությունը հետաձգվեց

ՍԴ–ն քննում է ՀՀ առողջապահության նախարարի՝ պատվաստման և թեստավորման հրամանի սահմանադրականության հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Սահմանադրական դատարանում պատվաստման և թեստավորման վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի հրամանի շուրջ ընթացող նիստին դատավոր Հրայր Թովմասյանը միջնորդեց կառավարությունից պահանջել 5-օրյա ժամկետում իրենց տրամադրել պարտադիր պատվաստման կամ թեստավորման` առողջապահության նախարարի հրամանով նախատեսված սուբյեկտների աշխատավարձի վերաբերյալ տեղեկություններ։
Կողմերը չառարկեցին, ՍԴ-ն բավարարեց Հրայր Թովմասյանի միջնորդությունը։

«Ինձ առավելապես հետաքրքրում է այս սուբյեկտների մեջ նվազագույն աշխատավարձ ստացող անձանց թվաքանակը»,- նշեց Թովմասյանը։

ՍԴ-ի աշխատակարգային որոշումների համաձայն՝ դատարանը պահանջելու է ՍԴ-ին ներկայացնել շուկայում գործող թեստավորման նվազագույն և առավելագույն գները։ Բացի այդ, դատարանին պետք է ներկայացվի նաև վիճակագրություն՝ կապված պատվաստված անձանց վարակելիության վերաբերյալ տեղեկությունների հետ։
ՍԴ մեկ այլ դատավոր` Արևիկ Պետրոսյանն էլ միջնորդեց, որպեսզի 5-օրյա ժամկետում կառավարությունն իրենց տրամադրի առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 4-ի հրամանով նախատեսված 14 օրը մեկ հետազոտության և պատվաստման հետ կապված պահանջները չկատարելու համար պատասխանատվության ենթարկելու, այդ պահանջի չկատարման արդյունքում աշխատանքից ազատման վերաբերյալ ամբողջական տեղեկություններ։
ՌԱԴԻՈ
Փափուկ ուժի կիրառումը տվել է իր արդյունքը. համաճարակաբանը` պատվաստումների մասին
Այս դեպքում էլ կողմերը չառարկեցին և միջնորդությունը բավարարվեց։
Գործով քննությունը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 16-ը, ժամը 14։00-ն։
Նշենք, որ որոշման համաձայն` գործատուներն աշխատակիցներից պետք է պահանջեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու հավաստագիր կամ 14 օրը մեկ ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ։ Դեկտեմբերի 1-ից անհրաժեշտ կլինի ՊՇՌ թեստ հանձնել շաբաթը 1 անգամ։
Պատգամավորը չի բացառում պարտադիր ռեվակցինացիայի իրականացումը Հայաստանում. լսումներ ՍԴ–ում
Հիշեցնենք՝ դիմումը ներկայացրել են ՀՀ ազգային ժողովի պատգամավորների 1/5 մասը։ Համաձայն դրա` ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի հրամանը հարկադրում է բոլոր աշխատողներին կա՛մ իրենց միջոցներով թեստ հանձնել, կա՛մ պատվաստվել:
Ընդդիմադիր պատգամավորները վիճարկել են նաև «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքը։