ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանը կարևորում է Հայաստանի հետ ռազմավարական և դաշնակցային հարաբերությունները։ Այսօր Սոչիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձնազրույցի ժամանակ այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` հավելելով, որ Ռուսաստանը գնահատում ու ամեն կերպ փորձում է պահմանել այդ հարաբերությունները Հայաստանի հետ։
ՌԴ նախագահը շեշտել է, որ Ռուսաստանը նաև Հայաստանի կարևոր առևտրատնտեսական գործընկերն է և Հայաստանի տնտեսության խոշորագույն ներդրողը։
«Ճիշտ է, վերջին մեկ տարվա ընթացքում ապրանքաշրջանառությունը փոքր-ինչ թուլացել է, բայց այս տարի այն զարգանում է արագացված տեմպերով և, հուսով եմ, ոչ միայն կհասնենք նախահամաճարակային մակարդակին, այլ ավելի առաջ կանցնենք», - ասել է Պուտինը։
ՀՀ վարչապետը ևս ընդգծեց, որ 2021թ–ին նկատելիորեն աշխուժացել են ՀՀ տնտեսության մեջ ռուսական ներդրումները։
«Դա մեզ համար շատ կարևոր է, քանի որ, իմ կարծիքով, դա նաև ազդակ է այլ ներդրողների համար, որ ՀՀ–ն շատ հուսալի երկիր է մեր տարածաշրջանում»,– ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 19–ին Երևանում ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը հայտարարեց, որ ռուսական ընկերություններն առաջիկա տարիներին պատրաստվում են Հայաստանի տնտեսության մեջ ավելի քան 1 մլրդ դոլար ներդնել։
Ըստ նրա` ֆինանսական միջոցները հիմնականում ներդրվելու ենթակառուցվածքներում, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում։