Պուտինը հույս ունի, որ նոր պայմանավորվածությունները դրական կազդեն արցախյան իրադրության վրա

Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը կայացել է Սոչիում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ դրական հունով կզարգանան: Այս մասին Նա հայտարարել է ՝ բացելով երկկողմ հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ։

«Հուսանք` այն պայմանավորվածությունները, որոնք այսօր ձեռք են բերվել, կզարգանան դրական ճանապարհով և ամենամոտ ժամանակներս` որքան հնարավոր է շուտ», - ասել Է Պուտինը:

Հիշեցնենք` Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը կայացել է Սոչիում։ Եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձնազրույց է ունեցել Ալիևի հետ։ Բանակցությունները տևել են երեք ժամ։ Եռակողմ հանդիպմանը հաջորդել է Պուտին–Փաշինյան առանձնազրույցը։
Նշենք, որ Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են հանդիպել նաև դեկտեմբերի 15-ին Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները մեկ շաբաթից կհանդիպեն Մոսկվայում. Պուտին
Փաշինյանի ու Ալիևի նախորդ հանդիպումը (Պուտինի մասնակցությամբ) կայացել էր Մոսկվայում այս տարվա հունվարի 11-ին։ Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվել էր երկրորդ եռակողմ հայտարարությունը, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։