ՄԻՊ ներկայացուցիչները ոստիկանությունում զրուցել են Արա Զոհրաբյանի և մյուսների հետ

Արա Զոհրաբյան
Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ օրենքից չէր բխում Արա Զոհրաբյանին վարչական ձերբակալման ենթարկելու կապակցությամբ ոստիկանության գործողությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմի արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ կապված այսօր Երևանում քաղաքում տեղի ունեցած ակցիայի մասնակիցներին, այդ թվում՝ փաստաբան Արա Զոհրաբյանին բերման և վարչական ձերբակալման ենթարկելու հետ: Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։

Ըստ հաղորդագրության` ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են անցկացրել Արա Զոհրաբյանի և մյուս բերման ենթարկվածների հետ, ուսումնասիրվել են վարչական ձերբակալման տեսանյութերը:

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ օրենքից չէր բխում այսօր Արա Զոհրաբյանին վարչական ձերբակալման ենթարկելու կապակցությամբ ոստիկանության գործողությունները՝ առանց ազատությունից զրկելու հիմքերը բացատրելու, նվազագույն իրավունքները պարզաբանելու (փաստաբանի, լռելու և այլ իրավունքներ), անհամաչափ ուժի կիրառությամբ: Անթույլատրելի էր նաև ձևը, որով ձերբակալվել է Արա Զոհրաբյանը:
Այս հարցերով Մարդու իրավունքների պաշտպանի ինչպես այսօրվա, այնպես էլ տարիների ուսումնասիրությունները վկայում են, որ վարչական ձերբակալման ու բերման ենթարկելու այս խնդրահարույց պրակտիկան ունի լայն տարածում: Այն կիրառվել է այսօր նաև ակցիա իրականացնող այլ անձանց նկատմամբ:
«Այս պրակտիկան պետք է բացառվի. վարչական ձերբակալման և բերման ենթարկելու կամ որ նույնն է՝ ազատությունից զրկելու ցանկացած դեպք անօրինական է, եթե չեն ապահովվում ազատությունից զրկելիս մարդու նվազագույն իրավունքները»,– նշված է հայտարարության մեջ:
Առանց փողոցի ոչինչ չի ստացվի․ Վազգեն Մանուկյանը՝ շարժմանը միանալու մասին
Հիշեցնենք` «Ազատագրական շարժումն» այսօր բողոքի ակցիա էր անցկացնում Երևանի Սախարովի հրապարակում` փակելով դեպի Նալբանդյան փողոց բարձրացող հատվածը։
Բողոքի ակցիան երկար չտևեց, քանի որ ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներն, այդ թվում՝ Արա Զոհրաբյանին։
Մի քանի օր է, ինչ «Ազատագրական շարժումը» բողոքի ակցիաներ և հանրահավաքներ է իրականացնում` պահանջելով, որ Փաշինյանը հրապարակի սահմանազատման մասին փաստաթուղթը։
Հայտնի է, որ Սոչիում այսօր նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Փաշինյանն արդեն մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։
Ի՞նչ է ակնկալում ՌԴ-ն Սոչիի եռակողմ հանդիպումից