ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Սոչիում ընթացող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ՀՀ վարչապետն ընդգծեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական դերակատարությունն ու ՌԴ–ի դերակատարությունը` ռազմական գործողությունների դադարեցման հարցում։
«Ակնհայտ է, որ ՌԴ–ն ու ռուս խաղաղապահներն առանցքային դերակատարություն ունեն` ԼՂ–ում խաղաղության ու տարածաշրջանում իրավիճակի կայունացման հարցում։ Բայց պետք է նշեմ, որ իրավիճակն այնքան կայուն չէ, որքան կցանկանայինք»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ անցյալ տարի նոյեմբերից հետո տասնյակ մարդիկ են զոհվել` երկու կողմերից էլ։
Փաշինյանն ընդգծեց, որ միջադեպեր են տեղի ունենում ինչպես ԼՂ–ում, այնպես էլ ՀՀ սահմաններին։
«Այս տարվա մայիսի 12-ից հետո մենք փաստացի ճգնաժամային իրավիճակ ունենք հայ-ադրբեջանական սահմանին։ Մեր գնահատականն այսպիսին է` Ադրբեջանի զորքերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը նշված չէ, բայց պետական սահմանը գոյություն ունի, և դա ՀՀ ինքնիշխան տարածքն է»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ Հայաստանը պատրաստ է սկսել սահմանների դեմարկացիան ու դելիմիտացիան։ «Ճանապարհների ապաշրջափակումը ևս շատ կարևոր է մեզ համար»,– ասաց նա։
Անդրադառնալով ԼՂ խնդրին` ՀՀ վարչապետն արձանագրեց, որ այն պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սոչիում ընթանում է Փաշինյան–Պուտին–Ալիև եռակողմ հանդիպումը։
Նշենք, որ այս տարվա մայիսի 12–ից ադրբեջանական ԶՈւ–ն ներխուժել է ՀՀ տարածք` Սյունիքի և Գեղարքունիքի հատվածում։ Նրանք նաև արդեն մաքսակետեր են տեղադրել Գորիս–Կապան մայրուղու վրա։
Հիշեցնենք` եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձնազրույց է ունեցել Ալիևի հետ։
Նշենք, որ Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են հանդիպել նաև դեկտեմբերի 15-ին Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։
Փաշինյանի ու Ալիևի նախորդ հանդիպումը (Պուտինի մասնակցությամբ) կայացել էր Մոսկվայում այս տարվա հունվարի 11-ին։ Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվել էր երկրորդ եռակողմ հայտարարությունը, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։