«Մենք 3 անգամ առաջ ենք տվել մեր դիրքերը, հետո ենք հետ քաշվել». Սյունիքի մարզպետ

Մելիքսեթ Պողոսյանը վստահեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը չի հրահանգել, որ Սյունիքից հայկական զորքերը հետ քաշվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը վստահեցնում է` Սյունիքում հայկական զորքերի հետ քաշվելու հրաման որևէ մեկը չի տվել, ուղղակի հայկական զորքերին հետ են ուղարկել Խորհրդային միության ժամանակ զբաղեցրած դիրքերը։ Նա այս մասին հայտարարեց ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում` պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ նախորդ տարվա դեկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Սյունիքում զորքերը հետ քաշվեցին։
Հայտնել էինք, որ Փաշինյանը հոկտեմբերի 27-ին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել էր` Սյունիքում զորքերի հետքաշման որոշումն ինքն է կայացրել։
Սյունիքի 6 գյուղերում անորոշություն է. Թաթոյանը մանրամասներ է հայտնել իրավիճակից
Փաշինյանը նշեց` եթե նման որոշում չկայացվեր` Սյունիքում ռազմական գործողություններ էին սկսվելու և մենք խնդիրներ էինք ունենալու։

«Ոչ մեկը չի ուզել հետ քաշվի։ Հարցն այն է, որ այդ օրերին վարչապետը եկել է Գորիս ու խորհրդակցություն արել։ Նա ասել է` անցեք Սյունիքի պաշտպանության։ Մենք էլ Նռնաձորից Խոզնավար նպաստավոր բարձունքների վրա անցել ենք պաշտպանության։ Ավելին, մենք 1 ամիս համագործակցել ենք, որ «նեյտրալ զոնան» մենք պահենք։ 3 անգամ Կուբաթլուի հատվածում մեր դիրքերն առաջ ենք բերել»,–ասաց Պողոսյանը։

Նրա խոսքով` բանակցությունների արդյունքում հայկական զորքերը հետ են քաշվել, որովհետև պետք է տեղակայվեին ըստ Խորհրդային Հայաստանի սահմանների։
Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտնել էր` այդ տարածքները հանձնվել են 7 շրջանների մաս լինելու տրամաբանության մեջ, ինչն արձանագրված է ՀՀ տարածքի վարչատարածքային բաժանման մասին օրենքում։
Նա հավելել էր, որ զորքերը հետ քաշելու հրաման է տվել մարտավարական ճանապարհ չկորցնելու համար։