ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։
Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամներ Բաբկեն Թունյանը, Լենա Նազարյանը, Գուրգեն Արսենյանը:
«Հայ-չինական հարաբերությունները շարունակում են վերընթաց ուղի ապահովել, փոխվստահության ու փոխըմբռնման ընդլայնման հնարավորություններ կան: Հայաստանը շահագրգիռ է խորացնելու երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական և հումանիտար»,-ասել է Արշակյանը:
Դեսպանն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի և Չինաստանի միջև քաղաքական երկխոսության մակարդակը: Ըստ Յոնգի՝ պետք է ակտիվացնել խորհրդարանական փոխգործակցությունը, հաճախակի դարձնել փոխայցերը, որոնց թիվը նվազել է համավարակի պատճառով:
Լենա Նազարյանն իր հերթին անդրադարձել է կորոնավիրուսային համավարակի դեմ համատեղ պայքարին և կարևորել Չինաստանի աջակցությունը մեր երկրին:
Կողմերը կարևորել են նաև համագործակցության խթանումը զբոսաշրջության ոլորտում: